Գարիկ Ղազարյան՝ լուսանկարչության մեծ սիրահարը

Նոյեմբերի 23, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Դեբետից 16 տարեկան Գարիկ Ղազարյանը ՍՄԱՐԹ-ի վետերաններից է, որ մինչ այսօր հասցրել է յոթ ծրագրի մասնակցել։ 

Մինչև ՍՄԱՐԹ գալը Գարիկը ինչով ասես որ չի զբաղվել` կարատե, ըմբշամարտ, դհոլ, ազգային պարեր։ 

Ագրոտեխնոլոգիայի ծրագիրը նրան ոգեշնչեց գյուղատնտեսության մեջ խորանալ՝ մասնավորապես մեղվաբուծության։

«Մենք մի քանի մեղվափեթակ ունենք, բայց ամեն անգամ ստիպված ենք եղել հարևան Ուբո պապին խնդրել, որ զբաղվի մեր մեղուների խնամքով։ Երբ սկսվեց ՔՈԱՖ-ի մեղվաբուծության ծրագիրը, որոշեցի մասնակցել ու հմտանալ մեղվաբուծության մեջ, մանավանդ որ այն կարող է հաջող բիզնեսի սկիզբ լինել»,-ասում է Գարիկը։

Բնության նկատմամբ սերն ու մարդամոտ բնավորությունն էլ առիթ եղան, որ նա հմտանա նաև զբոսավարության ոլորտում, մանավանդ որ կարճ ժամանակ  զբոսավար է աշխատել հարազատ գյուղում։

Ազնվության համար պետք է ասել, որ Գարիկի «խելքը գնում է» լուսանկարչության համար։ Նրա ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագրի ժամանակ որպես կամավոր լուսանկարում էր։

«Ուզում եմ լուսանկարչական ստուդիա բացել Դեբետում։ Դա ինձ թույլ կտա միաժամանակ իմ երկու սիրելի գործով զբաղվել՝ զբոսավար լինել ու լուսանկարել»,-ասում է Գարիկը։

 

«ՍՄԱՐԹ-ում ստացած գիտելիքն ինձ օգնում է ամենատարբեր թեմաների շուրջ քննարկումների ժամանակ լինել ակտիվ մասնակից, այլ ոչ թե պասիվ ունկնդիր»,-ասում է Գարիկը։

 

Գյուղում անհնար է անտարբեր անցնել աշխատող մարդկանց կողքով. «մի զույգ ավել ձեռքերը» չեն խանգարի։

 

Փոխօգնությունը գյուղական աշխատանքներն արագ ու ժամանակին կատարելու գրավականն է։

 

Գարիկը սիրում է ժամանակ առ ժամանակ պահարանի գլխից իջեցնել դհոլն ու վերհիշել ոչ վաղ անցյալում սովորած մեղեդիները։

 

Հենց Դեբետի Չանախչի վտակի ջուրը լավ տաքանում է, Գարիկը վերցնում է կարթն ու ընկերների հետ իջնում գետափ՝ ձուկ բռնելու ու լողալու։

 

Գարիկի հերթական ծրագիրը ծրագրավորումն է։ Նա դեռ մտածում է, թե նոր գիտելիքը որտեղ կարող է կիրառել։

 

Գարիկը վաղ տարիքից սովորել է ոչ միայն բեռնատար վարել, այլև նորոգել այն, երբ դրա կարիքը լինում է։

 

Լեռնաջուր գյուղի մեղվաբույծներն իրենց փորձով են կիսվում ՔՈԱՖ-ի մեղվաբուծության ծրագրի մասնակիցների հետ։