Հացիկի «ուրախ գնացքը»

Նոյեմբերի 28, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

«Զգուշացե’ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Մանկան զարգացման անկյուն»։

Այս յուրօրինակ գնացքն ամեն օր իր մշտական փոքրիկ ուղևորներին Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սպասասրահից տեղափոխում է դեպի Մանկան զարգացման անկյուն։

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան և Խանջյան գյուղերից կենտրոն է հաճախում 3-6 տարեկան շուրջ 75 երեխա։

Ըստ կենտրոնի համակարգող Հայկուհի Փիլոյանի՝ Մանկան զարգացման անկյան խմբերը մոտ 50 երեխայով կհամալրվեն Նորավան ու Լուկաշին բնակավայրերից։

«Հացիկի Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որի մաս է կազմում Մանկան զարգացման անկյունը, ըստ մեր ծրագրի, պետք է սպասարկի Արմավիրի մարզի վեց համայնք։ Նորավանից ու Լուկաշինից համալրումները ընթացքի մեջ են։ Հաջորդ փուլով կներգրավենք Բաղրամյան ու Խանջյան համայնքների 3-6 տարեկան երեխաներին»,- ասում է Հայկուհի Փիլոյանը։

Շչակները հնչեցին, գնացքը շարժվում է։ Շտապեք, միասին շրջենք կենտրոնում։

 

Այս եռյակը մանկան զարգացման անկյան վետերեններից է։

 

Զվարճանանք. ազատ ժամ է։

 

Ուշադիր լսում են հերթական զարգացնող խաղի կանոնները։

 

Այգեգործություն սենյակային պայմաններում։ Երեխաները սովորում են բանջարեղենների անվանումներն ու թե որը որտեղ և ինչպես է աճում։


Վանան կամավոր է, որ օգնում է երեխաների հետ աշխատանքում։ Այստեղ նա Վաղարշակի հետ ավտոն է բեռնում։

 

Օրվա աղցանի պատասխանատուն շեֆ խոհարար Անդրանիկն է։ Նման խաղերի միջոցով երեխաները սովորում են, որ բանջարեղեններն ուտելուց առաջ պետք է մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ։

 

Գունավոր գնդակներով ավազանը մրցակցությունից դուրս է։ Չկա ավելի հաճելի բան, քան «խորտակվելը» անթիվ փափուկ գնդակների մեջ։

 

Ծրագրավար Անիի հետ մանր մոտորիկան են զարգացնում։

 

Ինքնաթիռը վերջին ստուգումներն է անցնում թռիչքից առաջ։

 

«Պապն ու շաղգամը» հեքիաթի բեմականացումն են նայում։ Հետո իրենք պետք է այն խաղան։

 

Դիմավորողները սպասում են գնացքի ժամանմանը։