Ամենօրյա արտակարգ Հոռոմը
Հոկտեմբերի 27, 2020
Հեղինակ՝ Քնար Բաբայան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի
-Հոռոմում թոնրով հաց թխող դեռ կա՞։
-Քիչ, բայց կա։ Քայլենք մի քիչ, հենց նոր թխված լավաշի հոտ առնենք, էդ ուղղությամբ էլ կգնանք։
Հաց թխող այդ օրը չգտանք, փոխարենը գյուղի փողոցներով ակ գլորող երեխաների հանդիպեցինք։

–«Կալյոս» ենք հավաքում դիրքերի համար,- միաբերան գոռացին նրանք ու շարունակեցին ակը գլորել։
Բանջարանոցներում կարտոֆիլի բերքն էին հավաքում։ Այս տարի այն անհաջող է։ Բայց ոչ մեկ չի տրտնջում, ասում են` կարևորը խաղաղություն լինի:
Հայ-ադրբեջանական սահմանից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող հոռոմցիների բոլոր մտքերը առաջնագծում են։

Հոռոմի տղաները «կալյոս»(ակ) են հավաքում դիրքերի համար։

Լվացքի պարանից կարելի է ենթադրել՝ քանի երեխա է ապրում այս տանը։

Նարեկն ու Անդրանիկն են Հոռոմից։ Հեծանիվով շրջում են գյուղում` տեսնեն, թե որտեղից կարող են հին ակեր հայթայթել։

Տեսարան գյուղից։ Համարյա ամբողջ բերքը հավաքել են։ Մնացել է խնձորն ու մի քիչ կարտոֆիլ։

Հոռոմից Հոռոմսինն է։ Ամուսնու հետ կարտոֆիլի բերքն են հավաքում։ Շատ չեն ցանում՝ այնքան, որ իրենց հերիքի։

Գյուղի համարյա բոլոր տան կտուրներում ու բակերում կարելի է հանդիպել տարբեր գույների և տեսակների դդումներ։

Հերմինեն իր չորս զավակներից ամենափոքրի հետ։ Մինչ բալիկը քնած էր, նա հասցրեց կարտոֆիլի բերքի մեծ մասը հավաքել։

Բակ չկա, որտեղ գոնե մեկ դդում չլինի։ Բոլորն էլ արևի տակ են փռել, որ վերջնականապես դեղնի ու չորանա։

Սերժիկ ու Մկրտիչ պապիկների նարդու խաղին համագյուղացի տղամարդիկ մեծ հետաքրքրությամբ են հետևում, չնայած բոլորը վաղուց համոզվել են, որ Մկրտիչն անպարտելի է։

3-ամյա Արմանն առաջին հայացքից շատ լուրջ տղա է։ Ժպտում է հազվադեպ, հարցերին պատասխանում՝ ըստ նպատակահարմարության։

Սամվել Վարդանյանը նախանձելիորեն կոկիկ մշակված բանջարանոց ունի։ Մանավանդ հպարտանում է դեղձի ծառով, քանի որ գյուղի կլիմայական պայմաններում այն դժվար է աճում։

Հոռոմում ում այգի որ մտնում ես, դատարկաձեռն հետ չեն թողնում։