Շուշիից Տավուշ՝ կյանքն անիվների վրա
Հունիսի 8, 2021
44-օրյա պատերազմի յոթերորդ օրը, երբ արդեն Շուշիի մոտակա անտառում պատսպարվելն այլևս ապահով չէր, ու օրեցօր անհնար էր դառնում մանկական կեր հայթայթել նորածին երեխայի համար, Միքայել Ուլիխանյանը իր բազմանդամ ընտանիքը Շուշիից տարհանեց Գորիս։ Կարճ ժամանակ հետո տեղափոխվեցին Երևան, այնտեղից էլ Դիլիջան։
Այսօր 7 հոգուց բաղկացած Ուլիխանյանների ընտանիքը ապրում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում։
Վարձակալած գյուղական տունը չունի կոմունալ պայմաններ, ինչը ավելի է դժվարացնում 5 անչափահաս երեխաների խնամքը։
«Շուշիում մենք մեծ սեփական տուն ու տնամերձ հողատարածք ունեինք։ Ջերմոց ու այգի էի դրել, հավեր էինք պահում»,-պատմում է Միքայելը, ով ընտանիքի հետ Արցախ է տեղափոխվել 1990-ականներին Կիրովաբադից (հայկական պատմական Գանձակ քաղաքը, որն այսօր Ադրբեջանի կազմում է)։
Բազմազավակ հայրը վստահեցնում է, որ մինչև պատերազմի ավարտը Շուշիում իրենց տունը կանգուն էր ու չի տուժել ռմբակոծությունից։ Վերջին 30 տարվա ամբողջ ստեղծածը մնացել է Շուշիում։
42 տարեկանում Միքայելը երկրորդ անգամ տուն-տեղ է կորցրել ու այսօր երազում է սեփական անկյուն և փոքր հողակտոր ունենալու մասին, որտեղ կկարողանա նորից ծառ տնկել ու փայտափորագրման արհեստանոց հիմնել։

Սրբուհին, Պյոտորը և Արթուրը իրենց ժամանակավոր կացարանում՝ Աղավնավանքում։ Վերջին կես տարում նրանք այնքան հաճախ են բնակավայր փոխել, որ երեխանները չեն հասցրել ընկերներ գտնել։

Միքայելն ակտիվ մասնակցում է երեխաների դասիարակությանն ու խնամքին։ Ամեն հերթական երեխայի լույս աշխարհ գալիս ինքն է խնամել մյուսներին։ Կինը՝ Նաիրան, խոստովանում է, որ առանց ամուսնու օգնության դժվար է հոգ տանել 5 անչափահաս երեխաների մասին։

10-ամյա Դավիթը երեխաներից ամենամեծն է։ Ուզում է՝ հորեղբոր նման բջջային հեռախոսներ վերանորոգել սովորի։ Շուշիի մասին շատ չի սիրում խոսել։ Պարտությունն ու հարազատ քաղաքի կորուստը Դավիթը ծանր է տանում։

5-ամյա Սրբուհին տան միակ աղջիկ երեխան է։ Քանի որ Աղավնավանքում մանկապարտեզ չկա, նրա միակ ընկերները եղբայրներն են։

Միքայելի այս հին ժիգուլին ոնց որ արվեստանոց լինի անիվների վրա։ Շուշիում փորագրությամբ էր զբաղվում, հուշանվերներ էր պատրաստում։

Կիսախարխուլ տունը Ուլիխանյանների հերթական ժամանակավոր կացարանն է Աղավնավանք գյուղում։ Տունը տեղահանված ընտանիքը վարձում է։

Եղբայրները հերթով քշում են նվեր ստացած այս փոքր հեծանիվը։ Իրենց նոր հեծանիվները Շուշիում են մնացել։

Դավիթը Շուշիից տեղահանվելուց հետո հասցրել է մի քանի դպրոց ու բնակավայր փոխել։ Ուսումնական տարին կավարտի Աղավնավանքում։

Շուշիում Նաիրան երեխաների խնամքին զուգահեռ հասցնում էր նաև ամուսնուն արհեստանոցում օգնել։ Ասում է՝ սրբապատկերների շրջանակների հյուսերը ինքն էր հյուսում։

Ընտանեկան դիմանկար։ Ուլիխանյանները սպասում են իրենց 6-րդ երեխային։ Արդեն գիտեն՝ տղա է լինելու, անունը Արցախ են դնելու։