Իզա Էվոյան` Արջուտի միակ հեծանվորդ աղջիկը

Մարտի 19, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ինքնուս սովորել երաժշտական գործիքներ նվագել, գրազով ձողի վրա ձգվել, շյուղերով գործել, ինքնաշեն պարանների վրա «շպագատ» նստել, թատրոնում խաղալ. այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

Արջուտից 17-ամյա Իզա Էվոյանի հետաքրքրությունները չափ ու սահման չունեն։

«Մեր տանը բոլորը մեկ կամ մի քանի երաժշտական գործիք են նվագում ու երգում, բայց ես միշտ ուզել եմ դերասանուհի դառնալ, թատրոնում խաղալ»,-ասում է Իզան։

Նա մի քանի տարի անգամ թատերական խմբակ է հաճախել Վանաձորում, բայց ավարտական դասարանում դերասանուհի դառնալու երազանքը տեղը զիջեց լրագրությանը։ 

«Թատրոն ես դեռ կվարադառնամ, ուղղակի մի քիչ ուշ։ Հիմա ուզում եմ լեզուներ սովորել, շատ եմ ուզում թուրքերեն ուսումնասիրել»,-ասում է Իզան։

 

Իզան սիրում է եղբոր՝ Սերոժայի հետ ձողի վրա ձգվել։ Իսկ պարանները նրա գաղափարն է, «շպագատն» ավելի սիրուն է լինում։


Պատմության դասն է։ Ավարտական քննությանը հաշված ամիսներ են մնացել։


Իզան շատ է աշխատում, որպեսզի լավ գնահատականներով ավարտի դպրոցը։


Իզան չհամբերեց, մինչև որ ՍՄԱՐԹ-ում կհաճախի երաժշտական գործիքների ծրագրին, ու սկսեց ինքնուրույն կիթառ նվագել սովորել։


Շախ և մատ։ Շախմատը Իզայի ամենաուժող կողմը չէ։ Նոր է սովորում խաղալ։


Գործել Իզան սովորել է տատիկից։ Ասում է՝ հիմա դասերի հետ չի հասցնում շատ ժամանակ տրամադրել գործելուն։


Իզայի ընտանիքում բոլորը մի քանի գործիք են նվագում։ Նա էլ, բացի կիթառից, մի քիչ շվի է նվագում և շատ է ուզում հարվածային գործիք նվագել սովորել։


Իզան հորեղբոր հետ խոսում է հարվածային գործիքներից: Վերջինս ժամանակին դհոլ էր նվագում:


Արջուտում Իզան եզակի աղջիկներից է, որ տղաներին հավասար հեծանիվ է քշում գյուղի քարուքանդ ճանապարհներին։