«40 սուտ»։ Մեղր ուտող քարինջեցիք
Հունիսի 8, 2020
Քարինջեցի Վալոդ պապի՝ Լոռվա ձորի գյուղերը բնութագրող «40-ն ստի» (այսպես են ժողովրդական ասվածքները կատակով անվանել Քարինջում) համաձայն, քարինջեցիք մեղր ուտող են։ Վալոդ պապը վաղուց չկա, իսկ նրա «40 ստերը» տարածվել են բերնեբերան։ Ճիշտ է՝ բոլորը թվարկել կարող է միայն Վալոդի տղան։

Իսկ այն, որ Մարտիրոս Սարյանը Դսեղում հաց է կերել, բայց Քարինջը նկարել, գիտեն բոլորը։
Քարերի ու կանաչի մեջ թաղված գյուղում հող են մշակում ու անասուն պահում։
Մայիսին գյուղը համարյա դատարկվում է, անասնապահությամբ զբաղվողները երեք ամսով բարձրանում են սարեր։

Ասում են՝ գյուղում մոտ 200 տուն կա, որոնց մի մասը վաղուց լքված է։

Սոս պապը թոռների հետ ոռոգման ջրի խողովակն է սարքում։ Ասում է՝ ինչ այգի, եթե ջուրը չկա։

Երբ երեխաները հեծանիվներով փողոց են դուրս գալիս, Ախտարը, պոչը քաշած, մի հով տեղ նստում է ու հետևում հեծանվավազքին։ Երևի տիրոջն է երկրպագում։

– Աաա՜, լա հեծոդ տուր մի կրուգ քշեմ, իմը քաղաքըմ եմ թողե։
– Ո՞րն ա ձեր քաղաքը։
– Դի’մացը…

Ռաֆո պապի դատարկ մեղվափեթակներն է։ Ասում է՝ անցած տարի բոլորը «մարել են» (սատկել են)։ Գալիք տարի նորերը կգնի։
Գյուղում առաջվա պես մեղր շատ են սիրում, բայց մեղու քչերն են պահում։

65-ամյա Ռաֆո պապը 15 տարի Հունաստանում այգեգործությամբ է զբաղվել։ 2006թ․ հարազատ գյուղ է վերադարձել, ջերմոց սարքել, այգի հիմնել։

Քարինջում էշը անփոխարինելի փոխադրամիջոց է։ Տարվա այս ամիսներին նրանք «արտագնա աշխատանքի» են սարերում։)

Համլետը կորտոֆիլի մարգերն է «ղազմա տալիս» (փխրեցնում)։

Ամալյա տատը խմորն է գնդում։ Առաջ բոլորի պես ինքն էլ էր փայտով վառվող փռում հաց թխում։ Մի քանի տարի է՝ անցել է էլեկտրականի։

Տեսարան Քարինջ բարձրացող ճանապարհից։