Մարիամ Խառատյան. ապագա ռադիոինժեները Մարցից

Մարտի 24, 2023

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

ՔՈԱՖ-ի հետ նրա ճամփորդությունը սկսվեց 10 տարեկանում, երբ նա առաջին անգամ մասնակցեց ամառային ճամբարին։ Այսօր նա ՍՄԱՐԹ-ում իր ութերորդ ծրագիրն է սկսել ու միաժամանակ ինտերն է ու SMARTcast-ն (փոդքասթ) է վարում։

Լոռու մարզի Մարց գյուղից 18-ամյա Մարիամ Խառատյանը համոզված է, որ նոր բան սովորելու ու ակտիվ լինելու համար միայն ցանկություն է պետք, և անգամ գյուղի վատ ճանապարհը խոչնդոտ չէ։

«Գյուղի ակտիվ երիտասարդներով ստեղծել ենք նախաձեռնող խումբ ու համայնքային տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Գյուղում շատ զբաղմունք չկա, ուստի, դու ինքդ պետք է քո ազատ ժամանակը հետաքրքիր կազմակերպես»,- պատմում է Մարիամը, ում նախաձեռնություններին ՍՄԱՐԹ-ը միշտ սատարել է ։

Այսօր նա ժպիտով է պատմում, թե ինչպես ՍՄԱՐԹ-ում իրեն կոմֆորտ զոնայից մի քանի անգամ դուրս են բերել, որի արդյունքում նա սովորել է ազատ հաղորդակցվել անծանոթ մարդկանց հետ, հարցեր տալ ու նոր ընկերներ ձեռք բերել։

«ՍՄԱՐԹ-ի ամեն մի ծրագրում նոր բան եմ սովորել, բայց մեխանիկայի ծրագիրը շրջադարձային եղավ մասնագիտության ընտրության հարցում։ Երբեք մտքովս չէր անցի, որ ռոբոտաշինության համահայկական օլիմպիադայի մասնակցության համար մեր ծրագրավար Արան հենց ինձ կզանգի»,- ասում է Մարիամն ու հավելում, որ սկզբում չէր պատկերացնում աշխատանքի ողջ ծավալն ու դժվարությունները։

 

Մարիամն ասում է, որ վաղ թե ուշ հետ՝ գյուղ է վերադառնալու, եթե անգամ դա Մարցը չլինի։

 

Երիտասարդական նախաձեռնող խմբով հասակակիցների հետ սեղանի նոր խաղերն են փորձարկում։

 

Մարիամը հանրահաշվի ուսուցչի հետ միասնական քննության վարժություններն է լուծում։

 

Բագրևանդի «Ինժեներական քաղաք» այցելությունից հետո Մարիամը թողեց անգլերենի պարապմունքներն ու սկսեց ֆիզիկա պարապել։

 

Մարիամը կատակով պատմում է, որ մեխանիկայի ծրագրավար Արա Հարությունյանը «քար է քցել» իր՝ անգլերենի ուսուցչուհի դառնալու պլանների վրա։ Արան վստահ է, որ Մարիամից լավ ռադիոինժեներ դուրս կգա։


Գյուղի երեխաներով օգնում են հարևան տատիկին խնձորի բերքահավաքին։

 

Երբ փոքր ժամանակ հասակակից երեխաները տիկնիկները գրկած բակ էին դուրս գալիս, Մարիամի տիկնիկը, ինչպես ինքն է ասում, «կենդանի էր ու մլավում էր»։

 

Մարիամի հոբբիներից մեկն էլ ձեռագործ տիկնիկներ պատրաստելն է։ Վոկալի ծրագրի ավարտական նախագծում իր գործած տիկնիկները ևս կընդգրկեն։

 

SMARTCast-ի (փոդքասթ) հյուրերի հետ Մարիամը զրուցում ՍՄԱՐԹ-ի իրենց առօրիայից ու տվյալ հյուրի համայնքի խնդիրների մասին։