Մարցի սարվորները. կյանքը սարի ու գյուղի միջև

Սեպտեմբերի 16, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

4 րոպե կարդալու համար

Առաջին ծլած խոտի բույրի հետևից նախիրը սար է բարձրանում: Սկզբում, ինչպես տեղացիներն են ասում, «մոտիկ սարը», հետո արդեն՝ «հեռու սարը»։ 

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչների մեծ մասն ամեն տարի սար է գնում, որոշները՝  ընտանիքներով։ Սարում մի զույգ ավել ձեռքը չի խանգարի:

Մինչ տղամարդիկ զբաղվում են անասուններով, կանայք հասցնում են սեզոնային հատապտուղների ու խոտաբույսերի ձմռան պաշար հավաքել:

Իսկ երբ երեկոն իր թուխ կծիկն է սկսում մանել, սարվորները, իրար ձայն տալով, հավաքվում են մեկի բակում: Սարի բարիքներով սեղանի շուրջ սկսվում է անվերջ զրույցն օրվա հոգսերի և աշխարհաքաղաքական թեմաների շուրջ:

 

9-ամյա Սոլինան տոնական զգեստով շտապել է հարևան տատիկի այգի` խնձորի բերքահավաքին մասնակցելու։

 

Ասում են` ձմեռը համեցեք խնձորի օղի համտեսելու:

 

Ջահել հարսներին ու երեխաներին հիմնականում սար չեն տանում։

 

Արփիկն այն եզակի կանանցից է, որ ամուսնու հետ տարվա մեծ մասն անց է կացնում սարում: Այստեղ էլ սարի բարիքներից ձմռան պաշարն է դիզում:

 

Գյուղական նատյուրմորտ

 

Մարցում ամենահամով ու քաղցր ազնվամորին Մելինեի մշակած այգում է աճում…

 

Ղուշբասությունն այստեղ տարածված զբաղմունք է:

 

6-ամյա Ոսկանը դեռ չգիտի՝ սար բարձրանալն ինչ է։

 

Սարերից բարձր միայն սարերն են։

 

Անատոլին ու Արփիկը սարի «վետերաններից» են։

 

Խոտհունձի տրամաբանական ավարտը։ Ձմեռվա պաշարի համար կարելի է այլևս չանհանգստանալ։

 

Սարի նոր «բնակիչները»։

 

-Մեղուները ինձ դեմքով ճանաչում են, դրա համար էլ չեն խայթում,- կատակում է մեղվաբույծ Հարությունը։

 

Կանայք կովկիթին լուրջ են պատրաստվում, անգամ հատուկ համազգեստ ունեն։

 

Հյուրին կուշտ կերակրելն ամեն սարվորի «հոգու սուրբ պարտքն» է ։

 

Աղուն տատը օրվա հավաքած դաղձն է փնջում չորացնելու համար։

 

«Կենդանիների տիրակալը»։ Սամվելը սարում ապրում է հինգ շան ու յոթ կատվի հետ։ Անկեղծ խոստովանում է, որ կատուներին ավելի շատ է սիրում։

 

Մանուշակը 8 ամիս սարում է անցկացնում։