Մարց։ Թոփ ըլած գյուղը

Հունվարի 25, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Այստեղ ամենահամով խոզի խորովածն է, բայց ժանտախտի վերջին համաճարակից հետո խոզաբուծությունն անկում  է ապրել, նրանց ասում են ռուսախոս, բայց քչերն են այսօր տիրապետում այդ լեզվին, իսկ բնակեցված տները հաշվում են ոչ թե  ծխով, այլ փռված լվացքով։ 

Բարի գալուստ Մարց (Լոռու մարզ), ինչպես Օլյա տատն է ասում՝ թոփ ըլած գյուղ (համախմբված գյուղ)։

Մարցը հայտնի է նաև իր լեգենդներով, որոնցից մեկի համաձայն՝ հարակից մի քանի գյուղերը հիմնադրել են մարցեցիները։ Այդպիսի գյուղերից մեկն էլ Դեբետն է, ու երբ որևէ սպորտային մրցաշար է լինում այս երկու գյուղերի միջև, Մարցում կատակում են՝ պապերը թոռների հետ են խաղում։

 

6-ամյա Մհերն ու 10-ամյա Գոռն աղունիկներին են կերակրում։

 

Մարցում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, չնայած սար բարձրանում է անասնապահների ընդամենը 20 տոկոսը։

 

Առավոտյան Աիդան հարևանուհու հետ վերջին լուրերն է քննարկում։

 

Մարցում փռված լվացքը «կենդանության» նշան է։

 

Սեղանին Մարիամի թխած թարմ հացն է, տնական պանիրը, քաղցր սուջուխը և վայրի ազնվամորու կոմպոտը։ Մարցում հյուրասիրությունից հետո ուտելիքի մի մասն էլ հետդ են դնում։

 

Ծանոթացեք՝ «սարերի արքա» Արայիկ Ամիրխանյանն է։ Այսպես է նա կես կատակ, կես լուրջ ներկայանում։ Մշտական սար բարձրացողներից է նա։

 

Էշերն ու ձիերը Մարցում թիվ մեկ փոխադրամիջոցն են հատկապես սար բարձրացողների համար։

 

15-ամյա Սուրենն արդեն երկու տարի է՝ ղուշբասությամբ (աղավնապահությամբ) է զբաղվում։ Ասում է՝ նախկինում 40-ից ավելի ուներ, հետո մի մասը ընկերներին է նվիրել։

 

Հարութ Ալեքյանը «Վիլիս»-ն է վերանորոգում։ Մարցի լեռնային ճանապարհներով միայն ամենագնացներն են կարողանում հեշտությամբ երթևեկել։

 

70-ամյա Նազիկ տատը տղաների ու թոռների համար գուլպա է գործում։ Ասում է՝ առաջ իր մանած թելից էր գործում, իսկ հիմա ստիված խանութից գնված թելերով է բավարարվում։

 

Մարցի սարերը։

 

18-ամյա Արամը մանկությունն անց է կացրել սարերում՝ տատիկի հետ։ Նրանց ընտանիքն ամբողջ ամառ նախիրը սարում է պահում։

 

Բացիկ Մարցից։