Օձուն` ամպերից կախված գյուղը
Փետրվարի 9, 2021
Օձուն տանող ամեն մի ոլորան հաղթահարելուց հետո թվում է՝ մի քիչ էլ, ու ձեռքդ կհասնի ամպերին։ Վերևում կղմինդրե տանիքներով տներ են և մինչեւ ձորի պռունկը ձգվող ցորենի, եգիպտացորենի ու արևածաղկի անծայր դաշտեր։
Իսկ հեռվում սարեր են՝ բարձր ու տեղ-տեղ լերկ։ Լեռնային արահետները տանում են դեպի գյուղի հին եկեղեցիներն ու մատուռները։
Խորհրդային տարիներին արդյունաբերական համարվող Օձունն այսօր ապրում է գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ։
Խորը շունչ քաշեք (օդն այստեղ իրոք անմահական է) ու գնացինք թափառելու գյուղում…

-Չո՜քշ(կանգնի/եք)։ Հաճճա՜(գնա/ցեք)…Կոտոն (իսկական անունը` Արկադիա) է, հոտն արածելու է տանում մոտակա դաշտերը։

Գյուղի լավագույն փոխադրամիջոցները։

4-ամյա Անգելինան մայրիկին օգնում է փայտը տուն տանել։ Պետք է վառարանը վառել, քանի դեռ քույրիկը դպրոցից չի վերադարձել։

Մանուշակը հավերին է կերակրում։ Ասում է՝ հավերի մի մասը վաճառքի համար է։ Հիմնականում քաղաքաբնակներն են հաճախորդները։

15-ամյա Հրաչի ցեղական ճագարներն են։ Օձունում դեռահասները սիրում են ճագար, աղունիկ ու շուն պահել։

Օձունի բազիլիկ եկեղեցին (5-7-րդ դար) Լոռու հայտնի տեսարժան վայրերից է, ինչի շնորհիվ զբոսաշրջիկների հոսքը գյուղ բավականին մեծ է։

Արամ պապն Օձունի «մեդիադեմք»-ն է։ Նա հայտնի է դարձել «Լոռվա զրից» հաղորդաշարի շնորհիվ։

Օձունում վաղուց ոչ մեկ թոնրում հաց չի թխում։ Մարդիկ հիմնականում գյուղի փռից են հաց գնում։

Սամվելը հունձի տեխնիկան է վերանորոգում։ Ասում է՝ հիմնականում ցորեն ու լոբի են ցանում։ Եղբոր հետ գյուղի ողջ վար ու ցանքսն իրենք են անում։

-Լա դեսը մտիկ արա, նկարվի տենք, ֆեյսբուք տեն քցի։

Ձմռանը գյուղի գույների ու համերի ողջ ջերմությունը խտացված է մրգերի, չրերի ու մուրաբաների մեջ։ Օձունում դրանց առատությունից ու բազմազանությունից սեղանին ազատ տեղ չի մնում։