Սիրակ Գաբրիելյան՝ «էլեկտրոնիկայի գուրուն»
Փետրվարի 6, 2023
Ննջարանի պահարանի դարակներն այլև չեն հերիքում նրա բոլոր լարերը, սխեմաներն ու դետալները տեղավորելու համար։ Սենյակի միակ սեղանը ծառայում է միայն նրան, որի վրա փռված, առաջին հայացքից ոչ պիտանի, դետալները երկրորդ կյանք են ստանում։
Ձորագյուղից (Լոռու մարզ) 14-ամյա Սիրակ Գաբրիելյանը էլեկտրոնիկայով տարվել է փոքրուց։
Երևի արդեն կռահեցիք, որ ՍՄԱՐԹ-ում նրա ամենասիրելի ծրագրերից մեկը մեխանիկան է։ Բայց դա չխանգարեց նրան մեծ հատաքրքրությամբ ինը ծրագիր հաջողությամբ ավարտել։
«ՍՄԱՐԹ-ը ինձ համար նախ և առաջ լավ հարթակ է նոր մարդկանց հանդիպելու ու նրանցից նոր բաներ սովորելու»,- ասում է Սիրակը, ում դժվար է պարապ տեսնել։
Նա միշտ մի զբաղմունք ու հետաքրքրություն գտնում է։ Կարող է ժամերով համբերատար նոր սխեմա ուսումնասիրել ու փորձարկել, իր պատրաստած ինքնաթիռը կատարելագործել, նկարել կամ պարզապես «ռուբիկ-կուբիկի» հավաքման նոր ռեկորդ գրանցել։

Մեծ ինքնաթիռին մեծ թռիչք։ Հերթական փորձնական թռիչքից հետո Սիրակն աշխատում է կատարելագործել այն։

Սիրակի բոլոր նորարարությունների ամենամեծ երկրպագուները երկվորյակ քույրերն են, ովքեր «բերանները բաց» հետևում են եղբոր աշխատանքին։

Գաբրիելյանների բազմանդամ ընտանիքում ամեն մեկը փորձում է օգնել ու ոգևորել Սիրակին։

Առաջին հայացքից անպետք ու իրար հետ կապ չունեցող դետալներից Սիրակը բոլորովին նոր բան է ստանում։

Սիրակն իր միակ դասընկերոջ հետ սիրում է ազատ ժամանակ շախմատ խաղալ։

Սիրակի նոր հետաքրքրություններից մեկն էլ նկարչությունն է։ Այն, ինչ չի հասցնում դասին ավարտել, տանն է ավարտում։

Բազմանդամ ընտանիքին պլեճով հյուրասիրելու հերթը Սիրակինն է։