ՍՄԱՐԹ-ի ամենագունավոր անկյունը
Հունվարի 13, 2023
Հաստատ դուք էլ կշփոթվեք, երբ առաջին անգամ հայտնվեք ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյունում, որտեղ հարյուրից ավել խաղեր ու խաղալիքներ կան։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարող եք ամեն ինչին ձեռք տալ ու խաղալ։ Այստեղ ամեն շաբաթ Լոռու մարզի 10 գյուղերից 3-6 տարեկան 140 երեխա սովորում ու աշխարհը բացահայտում է խաղերի միջոցով. «սար են բարձրանում», «ճանապարհներ կառուցում», հաղթահարում սեփական վախերն ու դժվարությունները, օգնում իրար և պարզապես զվարճանում։
Մանկան զարգացման ծրագիրն ավարտելուց հետո էլ Սմարթուկները վիզա են ստանում դեպի «մեծերի աշխարհ»՝ ՍՄԱՐԹ-ի Արմատ հոսքի 18 ծրագիր։

Ամեն ինչ սկսվում է մաքուր ձեռքերից։ Առողջ ապրելակերպը մանկան զարգացման ծրագրի կարևոր մասերից մեկն է։

Երեխաներին ուղեկցող ծնողները նույնպես չեն հասցնում ձանձրանալ։ Նրանք հաճախ ներգրավվում են տարբեր ուսուցողական նյութերի պատրաստման գործում։

Իսկ դուք ինչպե՞ս եք նախընտրում ողջունել։

Մանկան զարգացման անկյունում կարելի է գտնել հազար ու մի խաղ՝ մեկը մեկից հնարամիտ ու զվարճալի։ Դրանց մի մասն էլ ծրագրավարներն են ստեղծում։

3-ամյա Ռոմանը խաղալիք ավտոների գորգի վրա իրեն զգում է ինչպես հոլիվուդյան հայտնի «Ֆորսաժ» ֆիլմի հերոս։

Չկա ավելի հավես պահ, քան նոր խաղալիքների ու խաղերի փորձարկումը։

Վահագնաձորից 5-ամյա Անին իրենց տան երրորդ սերունդն է, որ հաճախում է ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյուն։

Փոքրերի առաջին չորս ամիսը լինում է «ծնող-երեխա հանդիպում» ձևաչափով, ինչն օգնում է երեխաներին ավելի հեշտ հարմարվել նոր միջավայրին ու ձեռք բերել ապահովության զգացում։ Ծնողն էլ ձեռք է բերում երեխայի հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։

Միշտ հաճելի է տատիկի հետ խաղալ՝ տանը լինի, թե մանկան զարգացման անկյունում։

Տարբեր խաղերի միջոցով երեխենաները սովորում են կառավարել սեփական մարմինն ու շարժումները։

Եղիշեն բազմավաստակ հորեղբայր է, որն արդեն երրորդ սերունդ զարմիկին է ուղեկցում մանկան զարգացման անկյուն։