Վահագնաձոր` մի գյուղ լիքը մանուկներ

Հոկտեմբերի 2, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 min read

Երեկոյան 8-ի կողմերը, եթե հանկարծ հայտնվեք Վահագնաձոր գյուղի խաղահրապարակում ու լսեք, թե ինչպես են երեխաները միաձայն «Բա-թո~ւմ, Բա-թո~ւմ» վանկարկում, մի շփոթվեք, դուք տակավին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում եք:

Պարզապես երեխաներն անհամբեր սպասում են Երևան-Բաթում գնացքի ժամանմանը:

Ամառվա ընթացքում Երևան-Բաթում գնացքը կարճատև դադար է առնում Վահագնաձորի կայանում: Այդ կարճ դադարի ընթացքում գյուղի երեխաները հասցնում են գնացքի ուղեւորներին իրենց աղբյուրի սառը ջուրը հյուրասիրել, իսկ ուղևորները երեխաներին` քաղցրավենիք:

 

6-ամյա Արթուրն այնքան է կապվել կատվի ձագերի հետ, որ չի համաձայնվում որևէ մեկին խնամության տալ նրանց:

 

Մայր ու որդի։

 

Տնեցիք կատակով ասում են, որ 3-ամյա Դանիելը հավերի «հոգեառն» է: Ամբողջ օրը հավերին բակով մեկ վազեցնում է:

 

Եթե կա ջուր, ուրեմն ամեն օր էլ Վարդավառ է:

 

Վահագնաձորում, ինչպես և Լոռու մի շարք գյուղերում, ամռան ամսիներին երեխաների թիվը եռապատկվում է: Երեխաների մեծ մասն ամառային արձակունրդներն անց է կացնում գյուղում:

 

Երևան-Բաթում գնացքը Վահագնաձորի կայանում: Այսօր հաջող օր չէր. հյուրասիրություն չեղավ:

 

Գյուղում երեխաների միակ ժամանցի վայրը փոքրիկ խաղահրապարակն է ու կայանի մերձակա տարածքը: Շուտով, սակայն, մինի ֆուտբոլի դաշտ կունենան:

 

3-ամյա Սևակը, չնայած բավական «երիտասարդ» տարիքին ու գյուղամիջյան քարքարոտ ճանապարհներին, հմուտ հեծանվորդ է:

 

9-ամյա Հասմիկի դեմքը, երբ հեծանիվ վարելու իր հերթն է գալիս: Քույրերը հինգն են, հեծանիվը` մեկը:

 

Ամառն ավարտվեց, Երևան-Բաթում գնացքի սեզոնը շուտով կավարտվի: