Թուզի հայրենիք Վազաշենը

Մարտի 2, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Երբեմնի խաղողի վազով հայտնի Վազաշենում այսօր «վազ»-ը միայն գյուղի անվան մեջ է պահպանվել: 1990-ականների պատերազմից հետո խաղողի այգիները մնացել են սահմանից այն կողմ: Այսօր վազաշենցիները բավարարվում են տնամերձ այգիներով:

Այստեղ համարյա ամեն ինչ աճում է, բայց ամենաշատը,որ հանդիպում է համարյա ամեն քայլափոխի, թուզն է։ Ավելին` տարվա մեջ երկու բերք է տալիս։

Վազաշենը խաղողի հայրենիքից դարձել է թուզի հայրենիք։

 

5-ամյա Արտյոմը պատրաստվում է ցերեկային քնին։ Անգամ հանգստյան օրերին նա հետևում է մանկապարտեզի օրակարգին։


Խորհրդային տարիներից մնացած հնություններ գյուղում շատ կան։


Ալինան ձմռան վերջին ամիսներն է վայելում, մինչև կսկսվեն գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։


4-ամյա Անգելինան իր անհատական խաղահրապարակն ունի իրենց բակում։


Նարդու ամենաթեժ «մենամարտերը» հենց այս սենյակում են տեղի ունենում։ Իսկ Լյովան ու Սամվելը մշտական խաղացողներն են։


10-ամյա Սոնան ու 8-ամյա Նարեն քույրեր են։ Նրանք Վազաշենում միակ աղջիկ հեծանվորդներն են:


Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը ջերմոցը նախապատրաստում է գարնանային սերմնացանին: Ասում է` հիմնականում լոբի, լոլիկ, վարունգ ու կանաչի է աճեցնում:


Վազաշենում կլիման արևադարձային է, ինչի շնորհիվ էլ միրգն այստեղ քաղցրահամ է, իսկ թուզը տարին երկու անգամ է բերք տալիս:


Նարինեն ասում է, որ գործելու մեծ սիրահար չէ: Ուղղակի կրտսեր որդու՝ Նարեկի հետ դաս անելուն զուգահեռ պետք էր ինչ-որ բանով զբաղվել: Ինչքան շատ են Նարեկի դասերը, այնքան եղբայրները գուլպաների պակաս չեն ունենում:


6-ամյա Մամիկոնն ինքնուրույն է նետը պատրաստել պնդուկի ծառի ճյուղից: Երբ մեծանա, հրշեջ է դառնալու, որպեսզի մարդկանց փրկի:


Այստեղ ամեն ինչ սեփական այգուց է:


Լաուրա Օհանյանը երկար տարիներ դպրոցում դասվար է աշխատել: Հիմա էլ տնամերձն է մշակում: Ասում է՝ չի կարողանում պարապ նստել։


Գյուղ չկա, որ կատու չլինի: Վազաշենում շուն շատ քիչ է հանդիպում: