Եղեգնուտի «աշնան արևը»

Դեկտեմբերի 2, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Այս տարի աշնան արևը հատուկ շռայլ գտնվեց։ Նրա ջերմությունն առավել զգացվում է գյուղում, երբ այն միախառնվում է աշնան մրգերի բույրի, վառարանի ծխի, վառվող տերևների հոտի,պլեճի ու քաղցր բալի կոմպոտի համերի հետ։

Եղեգնուտում աշուն է՝ ճիշտ ժամանակը վերջին մրգային օղին թորելու կամ առավոտյան հարազատների հետ խաշ ուտելու համար։

Լոռու մարզի այս գյուղում մարդիկ յուրահատուկ առատաձեռն ու հյուրասեր են։ Հույս չունենաք, որ միայն հյուրասիրվելով կպրծնեք։ Այն, ինչ չեք հասցրել ուտել, ձեզ հետ կդնեն։

 

Մեծ ու փոքր Սիլվաները ուտելու համար ոչ պիտանի կարտոֆիլն են մաքրում՝ անասուններին կերակրելու համար։ Գյուղում ոչինչ չեն թափում. վերամշակում են որպես անասնակեր։

 

Լուսինեին վստահաբար կարելի է համարել Եղեգնուտում «էսթետիկ գյուղատնտեսության» հիմնադիր։ Նրա աճեցրած բանջարեղենը հաճելի է և՛ քիմքին, և՛ աչքին։

 

Սիլվան կես հաստիքով դայակ է աշխատում՝ թեթևացնելով մոր հոգսը։ Հինգերորդ քույրիկը վերջերս է ծնվել։

 

Վաղուց արդեն ավանդական մանգաղին փոխարինել են խոտհնձիչ սարքերը։

 

Նարեկը եղբայրների հետ ճագարաբուծությամբ է զբաղվում։

 

Ամռան վերջին մոհիկանը։

 

Գյուղ չկա, որ շուն չլինի, տուն չկա, որ հավ չունենա։

 

Վեներա տատն իր այգու խնձորն է տեսակավորում. որն ուտելու ենթակա չէ, դրանից խնձորի օղի կթորի։

 

Արեգակին պետք է հեռվից նայել…

 

Խաղողը աշնան արևի ողջ քաղցրությունն ու ջերմությունն է իր մեջ ամփոփել։

 

Պլեճի սեզոնի բացումը ակնարկում է ձմեռնամուտի մասին։