Խաղահրապարակ երջանիկ մանկության համար

Մայիսի 16, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

2 րոպե կարդալու համար

Երեխայի հիմնական գործը խաղն է․ սա մանկան զարգացման մասնագետների աքսիոմն է։

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ երջանիկ մանկություն ունենալու համար՝ հոգատար ծնողներ, ապահով ու հարմարավետ կենսամիջավայր, խաղալիքներ, խաղեր։ Է՞լ ինչ։ Պատասխանները կարող են տարբեր լինել։ Ինչևէ, մագլցելը, ճոճվելը, վազվզելն ու սահելը մշտապես երեխաների ամենասիրելի զբաղմունքն են։

Խաղահրապարակները հիանալի վայր են երեխաների էներգիան ծախսելու ու դիմացկունություն ցուցաբերելու, զվարճանալու և տարեկիցների հետ շփվելու համար։ Սա նաև կարևոր ուսումնական միջավայր է, որտեղ զարգանում են երեխայի ֆիզիկական, սոցիալական, հուզական և ճանաչողական հմտությունները։

Հայաստանի գյուղերում անվտանգ խաղահրապարակների պակաս կա։ Քիչ են  զբոսայգիներն ու զվարճանքի վայրերը, ուր երեխաներն ու համայնքի մյուս անդամները կարող են ժամանակ անցկացնել, շփվել իրար հետ։ Բնության գրկում լինելն ու դրսում խաղալու հնարավորությունը հաճախ շոշափելի առավելություն են գյուղաբնակների համար, այնուամենայնիվ, տեղի խաղային տարածքները բոլորովին էլ այն մաքուր ու ապահով միջավայրը չեն, որ կպատկերացնեինք։

Մինչ օրս ՔՈԱՖ-ը 19 խաղահրապարակ և 5 մարզահրապարակ է կառուցել մեր շահառու համայնքներում։ Բացօթյա խաղահրապարակները սովորաբար տեղադրված են դպրոցների, մանկապարտեզների մոտ կամ այգիներում։

Մայիսին բացեցինք ևս մի խաղահրապարակ Վահագնի գյուղի դպրոցում, որտեղ ավելի վաղ դպրոցական ճաշարանն էինք վերանորոգել։ Քայլ առ քայլ գյուղական համայնքների խաղահրապարակների դիզայնն ավելի է կատարելագործվում։ Մի քանի փոքրիկ բաղադրիչների թարմացումը փոխում է ամբողջ տարածքի պատկերն ու ֆունկցիոնալությունը։

«Մեր նպատակն է ստեղծել ներառական խաղահրապարակ, որը ժամանցի վայր կլինի ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ու տարեցների համար»,- ասում է ՔՈԱՖ-ի Ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող, խորհրդատու Արթուր Տեր-Սիմոնյանը։

Գյուղական համայնքների երեխաներին հաճելի խաղային միջավայրով ապահովելը կարևոր է մեր առաքելության համար։ Մեկ խաղահրապարակ կառուցելու համար անհրաժեշտ է շուրջ մեկ ամիս։ Եվ որ ամենակարևորն է, այն հնարավոր չի լինի իրականացնել առանց մեր նվիրված ՔՈԱՖ ընտանիքի շարունակական աջակցության։ Մենք անչափ շնորհակալ ենք մեր հոգատար դոնորներին՝ ՔՈԱՖ-ի երեխաների երջանիկ մանկություն պարգևելու համար։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր