Հոգեբանական թատրոն․ 7-ամյա ուղևորություն

Օգոստոսի 2, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Հնարավո՞ր է արդյոք համատեղել թատրոնի նկատմամբ սերն ու երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ երեխայի և ընտանիքի ծառայությունների թիմը հենց այդ է անում՝ 2012թ․ սկսած։

Նախաձեռնությունը կոչվում է «Հոգեբանական թատրոն»։ Դա արվեստի յուրօրինակ թերապիա է, որն օգնում է գյուղաբնակ երեխաներին ազատվել ամաչկոտությունից, ցածր ինքնագնահատականից ու այլ խնդիրներից։ Այսինքն, ելույթ ունենալն ինքնանպատակ չէ։ Փորձերն ու բեմադրությունները թերապևտիկ նպատակներ ունեն։

Ներկայացման թեմաներն ընտրվում են երեխաների խնդիրների վերհանման և քննարկման արդյունքում։ Ապա խումբը մշակում է ներկայացման սցենարը և ընտրում դերակատարներին։ Փորձերի ընթացքում երեխաները դառնում են ավելի ճկուն, տարբեր իրավիճակներից արդյունավետ կերպով դուրս գալու միջոցներ են սովորում, ազատվում են հրապարակայնորեն ելույթ ունենալու բարդույթից, ավելի համբերատար, հարգալից և ուժեղ են դառնում։

Առաջին փորձը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում էր, իսկ թիրախային խմբում դեռահասներ էին: Ոմանք սոցիալապես անապահով ընտանիքներից էին կամ էլ հոգեբանական խնդիրներ ունեին: Երկու տարում 2 ներկայացում բեմադրեցին՝ ելույթ ունենալով ոչ միայն դպրոցի բեմում, այլև մասնակցելով երիտասարդական թատերական փառատոնների, խաղալով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

2015թ. ծրագիրը տեղափոխվեց Գետաշեն։ Այս անգամ այն ուղղված էր 12 տարեկանից ցածր երեխաներին։

Առաջին ներկայացումը՝ «Իմ հրաշք աշխարհը», բեմադրվեց ռեժիսոր Մարինե Ասատրյանի կողմից։ Բեմականացումը փոքրիկ Նարոյի մասին էր, ով հրաշքով արագ մեծանում էր ու սկսում անհագորեն բացահայտել աշխարհը:

Հետագայում թատերախումբը պատրաստեց նոր բեմադրություններ՝ հիմնված տարբեր մանկագիրների հեքիաթների ու առակների վրա։ Սակայն ամենահաջողված ներկայացումը «Փոքրիկ իշխանի մոլորակում» բեմադրությունն էր՝ ըստ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վիպակի։ Գետաշենցի երեխաները փոքր-ինչ խմբագրել էին հեղինակին՝ ապացուցելով, որ իրենց աշխարհում միշտ բարին է հաղթում։ Փոքրիկ իշխանին մարմնավորել էր միանգամից երկու երիտասարդ դերասան։ Ու դա ինքնանպատակ չէր. ըստ երեխաների, «Փոքրիկ իշխանն ամեն մեկիս մեջ է ապրում»։

Ծրագիրն այնպիսի մեծ հաջողություն ունեցավ, որ երեխայի և ընտանիքի ծառայությունների թիմն սկսեց մտածել հոգեբանական թատրոնի գաղափարն ընդլայնելու և ավելի շատ համայնքներ ընդգրկելու մասին։

«Երկար քննարկումներից հետո մենք որոշեցինք Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում նոր թատերախումբ ստեղծել՝ ընդգրկելով հաշմանդամություն ունեցող երեխաների,- ասում են Հիմնադրամի հոգեբանական աջակցության ենթածրագրի ղեկավար Թամարա Հարությունյանն ու ռեժիսոր Մարինե Ասատրյանը։- Ցանկանում էինք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, նրանց էլ մասնակից դարձնել մեր ծրագրերին»։

2016թ. մարտին տարբեր տարիքի երեխաներից կազմված խումբ հավաքագրվեց։ Մարինե Ասատրյանը գրեց «Արի ընկերանանք» պիեսն ու անմիջապես սկսեց փորձերը «Իմ թատրոն Արագածավանի» հետ։ Դա իսկական ներառական թատրոն էր, որում ընդգրկված էր մանկական ուղեղային կաթված ունեցող երեք երեխա։ Առաջնախաղի օրը դահլիճում նստած աշակերտներից, ուսուցիչներից, ծնողներից ու հյուրերից շատերը չգիտեին էլ, որ այդ երեխաներն իրենց համայնքում են ապրում։ Բայց նրանք այդտեղ էին, բեմի վրա ու հրաշալի խաղում էին իրենց դերերը՝ մյուսների պես։ Ներկայացումից հետո հանդիսատեսներից շատերը խոստովանեցին, որ բեմադրությունը մեծապես փոխել է իրենց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ։

Մի քանի ամիս անց թատերախումբը Երևանի կամերային պետական թատրոնի բեմում ցուցադրեց Լայման Ֆրենք Բաումի «Օզի հրաշագործը» ներկայացումը, որը մեծ հաջողություն ունեցավ։

«Հիմնադրամն ամեն կերպ փորձում է փոխել գյուղական համայնքներում ապրող մարդկանց մտածելակերպը,- ասում է Թամարա Հարությունյանը։- Այս ծրագրի շնորհիվ շատերը սովորում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվել ճիշտ ձևով, առանց հատուկ խղճահարության, ինչպես հավասարը հավասարի հետ»։

2017թ․ ՔՈԱՖ-ի հոգեբանական թատրոնի ծրագիրն էլ ավելի ընդլայնվեց՝ ընդգրկելով դսեղցի ու դեբետցի երեխաներին, ապա՝ նորաբաց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաներից շատերին։ Իսկ 2019թ․ նախագծին միացավ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքը։ Այս անգամ ծրագրին դիմած երեխաների թիվն աննախադեպ էր․ թատրոնին ցանկացել էին միանալ 70 պատանիներ, այնինչ նախորդ տարիներին հավանական մասնակիցների միջին թիվը 25 էր։

«Մեր հոգեբանական թատրոնը երեխաների համար ինքնադրսևորման, կարողությունները ցուցադրելու մի յուրօրինակ հարթակ է»,- պնդում է թատրոնի ռեժիսոր Մարինե Ասատրյանը։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր