Կյանքը կարանտինի ժամանակ․ աշխատում ու սովորում ենք տնից

Ապրիլի 2, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Ամեն մարտահրավեր աճի ու զարգացման ևս մեկ հնարավորություն է։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից աշխարհն առճակատվեց առողջության ու անվտանգության հետ կապված ահռելի խնդիրների, որոնք սահմանափակում են մարդու սոցիալական կյանքն ու տեղաշարժը։

ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերն անմիջապես դադարեցվեցին, իսկ հետո սահուն կերպով վերածվեցին հեռավար կրթության։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ մեր ծրագրավարների ու ղեկավար թիմի, ովքեր նոր իրավիճակին հարմարվելու մեծ ճկունություն ցուցաբերեցին։

Հայաստանի հեռավոր համայնքներում հեռավար կրթության կազմակերպումը մի շարք խոչընդոտների է հանդիպում։ «Մինչ ծրագրերում ներգրավվելը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի բոլոր ուսանողները մասնակցում են ներածական շաբաթվան։ Այն ներառում է մարդու իրավունքների, առողջ ապրելակերպի, հուզական ինտելեկտի, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ՝ թեմաներ, որոնց պակասը հանրակրթական դպրոցում զգացվում է։ Թեև մեր ուսանողների մեծամասնությունը տիրապետում է համակարգչին, նրանցից շատերը դեռ փոքր են ու դժվարանում են հեռահաղորդակցության գործիքներից օգտվել»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի նորարարության պատասխանատու Անահիտ Վարդանյանը։ Բացի այդ, գյուղերում ոչ բոլորը համակարգիչներ կամ նման սարքավորումներ ունեն, էլ չասենք որակյալ ինտերնետ կապի մասին։

Ինտերակտիվ կրթություն ապահովելու համար մենք հեռահար ուսուցման հետաքրքիր մեթոդներ ենք կիրառում թե՛ ՔՈԱՖ դպրոցի, թե՛ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական ծրագրերում։ Կարանտինի հենց առաջին շաբաթվանից սկսած՝ մեր ծրագրավարները ուսանողներից բազմաթիվ նամակներ էին ստանում․ երեխաները կարոտում էին դասերը, լրացուցիչ ուսումնական նյութեր էին ակնկալում իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ։ «Մենք ամեն ինչ արեցինք, որ ուսանողները հետ չմնան իրենց սիրած դասերից ու զբաղմունքներից»,- հավաստում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը։  Ուսանողները սկզբում ծանոթացան կրթական Zoom հարթակին, որը թույլ է տալիս ծրագրավարներին կոնֆերանս-հանդիպումներ անցկացնել, հաղորդակցվել ու ցուցադրել իրենց պատրաստած պրեզենտացիաները։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի Անգլերենի ուսանողներն աշխատում են միասին թվային հարթակում

Ապրիլի 1-ի դրությամբ մենք առցանց վարում ենք 18 ծրագիր, և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ուսանողների 70%-ն ակտիվորեն մասնակցում է դրանց։ Մեր ծրագրավարները հնարամիտ լուծումներ են գտել՝ դասերն ավելի հետաքրքիր դարձնելու՝ տարբեր ֆորմատների խաղեր, ներկայացումներ, առցանց հետաքրքիր նյութեր։ #ՔՈԱՖըտնից թույլ է տալիս ուսանողներին ոչ միայն ժամանցային տարբերակներով ձեռք բերել գիտելիքներ, այլև շփվել ընկերների հետ։ «Բացի կրթական ծրագրերից, մենք շարունակում ենք նաև իրականացնել լոգոպեդական ծառայություններ՝ արդեն առցանց»,- նշում է ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։

«Լույսերի անսպասելի անջատումը մեծ իրարանցում առաջացրեց ուսանողների շրջանում․ տխրել էին, որ դասը չի կայանա։ Բարեբախտաբար, էլեկտրաէներգիան արագ վերականգնեցին, ու մենք ստիպված չեղանք տեղափոխել մեր առցանց դասը»,- հիացմունքով է հիշում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ռուսերենի ծրագրավար Ինեսսա Թարխանյանը, ով իր ուսանողների համար շատ արդյունավետ պրեզենտացիաներ է պատրաստում։

Պատանիներից շատերի ֆիզիկական ակտիվությունը՝ բակում խաղալը, ընկերների հետ հավաքները, այսօր սահմանափակված է։ Որպես լուծում՝ մեր առցանց դասերում ներառել ենք բասկետբոլի, ձյուդոյի նախավարժանք, ինչպես նաև յոգան։ «Մենք սկսում ենք նախավարժանք անել, և ուսանողներն այնքան են ոգևորվում, որ երբեմն 40 րոպեի փոխարեն 2 ժամ աշխատում ենք միասին»,- ասում է բասկետբոլի մարզիչ, ՔՈԱՖ-ի շրջանավարտ Լիանա Սարգսյանը։

Առցանց բասկետբոլի նախավարժանքը մարզիչ Լիանա Սարգսյանի հետ

Ինքնամեկուսացման շրջանում ՔՈԱՖ-ի թիմն էլ  տնից է ջանասիրաբար աշխատում՝ փորձելով վիրտուալ ճանապարհով բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչել։ Մեր բնակարանները դարձել են աշխատավայր, որը կիսում ենք մեր ծնողների, ամուսինների, երեխաների, տնային կենդանիների հետ։ Անկախ վայրից ու պայմաններից՝ ՔՈԱՖ-ի ստեղծարար տրամադրությունը վարակիչ է։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը տնից աշխատելիս․ Հայրիկը տանն է․ է՞լ ով կարող էր լինել ամենաուրախը, եթե ոչ նրա որդին՝ փոքրիկ Մհերը։


Ծանոթացեք շքեղ Արջոյին․ ՔՈԱՖ-ի գործընկերությունների և միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանի շունն է։

Ամեն նոր մարտահրավերի դեպքում մենք նոր լուծում ունենք։ Երախտապարտ ենք մեր նվիրված ու աշխատասեր գործընկերներին և ուսանողներին, ովքեր անհնարինը դարձնում են հնարավոր։ Լավագույնը դեռ առջևում է, քանի դեռ առաջ ենք շարժվում ու մեծ արդյունքներ արձանագրում։