ՔՈԱՖ-ի հետ ճամփին հենց առաջին օրից

Ապրիլի 25, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
Նկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

«Արդեն 16 տարի է։ Կես կյանք է, չէ՞»,- ծիծաղում է Ռազմիկը։

Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մեր վարորդ և տնտեսվար Ռազմիկ Վարդանյանն էլ մեզ հետ միասին։ ՔՈԱՖ-ի հիմնադրման օրվանից ի վեր մեզ հետ է մեր վետերանը՝ նվիրյալների թիմի ամենահին աշխատակիցը, ով գիտի՝ ինչն-ինչոց է։

Ռազմիկը մեծ ընտանիք ունի՝ 3 զավակ և 7 թոռ։ «Ազգն ենք շատացնում»,- կատակում է նա։ Լինելով հմուտ կար ու ձևից՝ Ռազմիկը տասնամյակներ առաջ տեքստիլի ոլորտում է աշխատել։ Իր հայրական տունը Երևանի սրտում էր՝ հենց հրապարակի մոտ։ Երևանցի է, բայց ամբողջ Հայաստանը ծայրից ծայր գիտի․ մարզ չկա, որտեղով անցած չլինի․ «Ամեն ծաղիկ իր հոտն ունի, նույնկերպ, ամեն մարզ, Հայաստանի ամեն քար իր ձևով է յուրահատուկ»։

ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենին հանդիպել է Հայաստան կատարած նրա առաջին այցի ժամանակ։ Իրենց ընդհանուր ծանոթն է խնդրել Ռազմիկին մեկ շաբաթ շարունակ ուղեկցել պարոն Արմենին։ Այսպես կայացավ ծանոթությունը, ու հետո արդեն Ռազմիկին աշխատանք առաջարկեցին նոր հիմնադրված ՔՈԱՖ-ում։ «Սկզբում ընդամենը 4-5 աշխատող ունեինք, իսկ հիմա 100-ից էլ շատ ենք»,- հիշում է ՔՈԱՖ-ին հավատարիմ ընկերը, ով երկար ճանապարհ է անցել մեր շահառուների, աշխատակիցների, հյուրերի ու գործընկերների հետ։

Ռազմիկ Վարդանյանը (աջից) ՔՈԱՖ-ի իր գործընկերների հետ․

Ռազմիկը վառ հիշում է՝ ինչպես սկսեցին օգնություն բաժանել գյուղացիներին։ «Պատերազմից հետո մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ էին ապրում։ Մենք ճամփորդում էինք Արմավիրի գյուղերում ու չէինք կկարողանում տեսնել, թե ինչ դժվար պայմաններում են ապրում մեր հայրենակիցները»,- հիշում է Ռազմիկն ու ասում, որ գյուղերից հաճախ արցունքներով էին վերադառնում։

Սկզբից մարդիկ չէին վստահում իրենց օգնել ցանկացողներին։ Կորցրել էին հավատն ամեն ինչի հանդեպ։ Հետզհետե մեր շահառուները զգացին ՔՈԱՖ-ի ու նրա անդամների ազնիվ մղումները․ «Մենք սովորեցինք օգնության ձեռք մեկնել, իրենք էլ սովորեցին ընդունել այն»։

Այնքա՜ն հուշեր ունի ՔՈԱՖ-ից։ Մի անգամ Կարո Արմենի հետ ճամփորդում էին Արցախ՝ Շուշի։ Ռազմիկը պարզ հիշում է՝ քաղաքում կոշիկի 4-5 խանութ կար, բոլորը դատարկվեցին, քանի որ Կարոն գնեց բոլոր կոշիկները, որ նվիրի Շուշիի երեխաներին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համար տարածքի ընտրությունն էլ հետաքրքիր պատմություն ունի։ Կենտրոնի համար առաջարկված մի քանի տեղ այցելելուց հետո վերջապես հասան Դեբետ գյուղ։  Ռազմիկը պատմում է․ «Մեքենան դեռ ընթացքի մեջ՝ Կարոն արագ իջավ, շուրջը նայեց, թևերը լայն բացեց ու ասաց՝ սա է՜»։

Ռազմիկ Վարդանյանը ՔՈԱՖ-ի ամանորյա հավաքույթներից մեկի ժամանակ․

Ռազմիկ Վարդանյանի համար ՔՈԱՖ-ն ընտանիք է, ու ներգրավված ամեն անդամ յուրահատուկ է, ընտրված։ «Գյուղերի մեր շահառուներն անգամ մեզ իրենց ընտանիքի անդամի պես են վերաբերվում»։

Բոլորս սիրում ենք սուրճի ապարատի մոտ հանդիպելիս նրա առավոտյան կատակները։ Մենք երախտապարտ ենք ՔՈԱՖ-ի ամենահին բնակչին իր սրտացավ աշխատանքի ու վերաբերմունքի համար։ Հազարավոր ճանապարհներ ենք անցել միասին ու դեռ մի այդքան էլ անցնելու ենք։

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը