Հուշեր կարանտինից․ ի՞նչ էր հեռավար կյանքը մեզ համար

Օգոստոսի 27, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Շուրջ վեց ամիս առաջ, երբ բոլորս ստիպված էինք մեկուսանալ, չէինք էլ պատկերացնի, որ դեռ մի 180 օր էլ սպասելու էինք կանաչ լույսին, որ դուրս գանք մեր տուն-գրասենյակներից՝ ճաշասենյակից, ննջարանից, խոհանոցից, ու վերադառնանք իրականություն։

«Չեմ կարող ասել՝ որքան արագ կգտնվի բուժումը կամ կմշակվի պատվաստանյութը։ Սակայն մեզ համար լավագույն որոշումը կլինի առերեսվել իրականությանը․ մենք դեռ մի որոշ ժամանակ էլ ապրելու ենք ՔՈՎԻԴ-19-ի հետ․․․ գուցե՝ դեռ երկար»,- ասել էր ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը 2020-ի մայիսին ՔՈՎԻԴ-19-ի մասին իր տեսաուղերձում։ Իր խոսքերը առավել քան ճշմարիտ էին․ մարտահրավերների տարի էր ամբողջ աշխարհի համար։

Մեր աշխատանքը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ծառայությունների ոլորտներում է, ուղղակիորեն առնչվում է մարդկանց կյանքին, ու մենք չէինք կարող վայրկյան անգամ կորցնել։ Մշակվեցին ու ներդրվեցին արդյունավետ լուծումներ, որոնք թույլ էին տալու շարունակել զորակցել մեր շահառուներին համավարակի ժամանակներում։

ՔՈԱՖ-ի «ՔՈՎԻԴ արտակարգ ֆոնդ»

Համավարակը հիշեցրեց, որ առողջությունն ու անվտանգությունը ամենենաթանկն  են։

ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելուն ուղղված անվտանգության միջոցները ենթադրում էին լրացուցիչ ծախսեր՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանող նյութեր։ Մեկ այլ հիմնարար գործոն էր տանը մնալու, սոցիալական հեռավորությունը պահելու, մարդաշատ վայրերից խուսափելու, ՔՈՎԻԴ-ի նախանշանների դեպքում ինքնամեկուսանալու և բժշկի դիմելու անհրաժեշտության մասին իրազեկումը։

Այսպիսով, Հայաստանի գյուղաբնակների կյանքը վտանգված էր, և կենսագործունեությանն անհրաժեշտ սոցիալ-ֆինանսական վիճակն առաջիկա ամիսներին առավել բարդ էր լինելու։ Շնորհիվ Եվրոպական Միության (ԵՄ), Ավստրիական զարգացման գործակալության և Էստոնիայի Հանրապետության գործընկերության և ՔՈԱՖ-ի նվիրատուների՝ այդ դժվարին ժամանակներում մենք միասին կանգնեցինք մեր գյուղաբնակների կողքին։ Արդյունքում ծախսեցինք $163,000՝ ձեռք բերելով կենսականորեն անհրաժեշտ բժշկական պարագաներ ու սարքավորումներ 50 գյուղերի բուժհաստատությունների համար, ինչպես նաև պարենային մթերք ու պարագաներ տրամադրեցինք 2218 ընտանիքների։

Թեև ՔՈԱՖ-ն իր շահառուներին ֆինանսական կամ նյութական մասնավոր որևէ աջակցություն չի ցուցաբերում, «ՔՈՎԻԴ արտակարգ ֆոնդը» բացառություն էր, ծայրահեղ անհրաժեշտություն մեր շահառուների առողջության և բարեկեցության համար։

Հեռավար կրթությունը

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո՝ մարտի 18-ից, մենք վերափոխեցինք մեր կրթական ծրագրերը առցանց ձևաչափի։ Արդյունքում հեռավար ուսուցման նյութեր մշակեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի և գյուղերի դպրոցների ավելի քան 26 կրթական ծրագրերի համար։

Հեռավար աշխատանքը 

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ՔՈԱՖ-ը հրաժարվել է թուղթ վատնելու մոտեցումներից ու որդեգրել վարչական աշխատանքի թվային լուծումները։ Հաղորդակցության գերժամանակակից գործիքներն ու մեր աշխատանքային փաստաթղթերի թվային շտեմարանները հեռավարին անցումը դարձրին անարգել ու սահուն։

«Slack, Zoom և Google Drive հարթակների առաջարկած գործիքները մեր առցանց հաղորդակցությունը բավականին հեշտացրին․ տանից աշխատելիս որևէ նյութ անհասանելի չէր»,- նշում է ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։

Հեռու լինելը, սակայն, թիմի հետ կապը որևէ կերպ չխզեց։ Ամեն օր գրանցման մեր ներքին համակարգի շնորհիվ տեղեկանում էինք մեր աշխատակիցների առողջական վիճակի մասին՝ կախված իրենց ուղղակի շփումներից և անհրաժեշտության դեպքում առաջարկում էինք մեր օգնությունը։

Շատերի համար տանը մնալու և այնտեղից աշխատելու իրողությունը նշանակում էր տրանսպորտի ու ճաշի վրա ավելի քիչ գումար ծախսելու հնարավորություն,  երեկոյան զբոսանքներ ընտանիքի ու ընկերների հետ։ «Մեկուսացման առաջին ամիսները բավականին լավ էին․ ինձ դուր էր գալիս աշխատել անաղմուկ ու տաքուկ միջավայրում։ Վստահաբար նաև տնտեսել եմ, քանի որ շատ շոկոլադ չեմ գնել այդ ընթացքում»,- կատակում է ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Լիլիթ Հակոբյանը։

Վեցամսյա մեր մեկուսացումը անծանոթ մարտահրավերների, նոր զգացողությունների ու դիտարկումների շրջան էր։ Իսկ դուք ի՞նչ հուշեր եք պահել կարանտինից։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր