Երգող իրավաբանն ու պատանեկան ռոք խումբը

Հունիսի 14, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Երբ «Սալամանկա» նվագախմբի անդամները ժամանեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն՝ մասնակցելու ՍՄԱՐԹամեջին, նրանց անմիջապես շրջապատեցին ոգևորված երեխաները, ովքեր ցանկանում էին փորձարկել երաժշտական գործիքներն ու լուսանկարվել երաժիշտների հետ։

«Սալամանկայի» երաժիշտների ու բրիտանական բանակի շեփորահարների խումբը բրիտանական Էքսիտեր քաղաքում է տեղակայված։ Անվանումը ծագում է 1812 թվականին տեղի ունեցած Սալամանկայի ճակատամարտից։ Նվագախումբն աշխատում է պահպանել 19-րդ դարից եկած ավանդույթները՝  նվագելով յուրօրինակ, բրիտանական բանակի հետևազորի քայլերթային ռիթմին համապատասխանող երաժշտություն։

«Մենք բրիտանական բանակի համար ենք աշխատում»,- ասում է նվագախմբի ղեկավար Էսթել Ադամսը։ – «Նվագում ենք շքերթների, զինվորական համերգների, փառատոնների ու այլ պաշտոնական միջոցառումների ընթացքում, ինչպես նաև ապահովում զինվորական ճաշկերույթների երաժշտական հատվածը»։

Այս անգամ «Սալամանկա» նվագախումբը ոչ միայն պետք է համերգ տար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների ու բազմաթիվ հյուրերի համար, այլև կենտրոնի ռոք խմբի համար վարպետաց դաս անցկացներ։

Up SOS խումբն ընդամենը վեց ամիս առաջ է ստեղծվել։ Նրա կազմում գյուղական համայնքներում ապրող վեց պատանիներ են, որոնք միայն վերջերս են նվագել սովորել։

«Հույս ունենք բրիտանացի երաժիշտներից նոր հմտություններ սովորել»,- ասում է Up SOS խմբի անդամ Ստելլա Ավետիքյանը։- «Մենք էլ մեր գործերը կնվագենք»։

«Սալամանկա» նվագախմբի երաժիշտները պատանիների հետ գործնական պարապմունքներ անցկացրին։ Արդյունքում, «Սալամանկայի» համերգից առաջ նրանք կարողացան համատեղ երկու երգ ներկայացնել։

Up SOS խմբի պատանիները չեն ցանկանում պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալ․ «Չէ՞ որ «Սալամանկա» նվագախմբի անդամներն էլ այլ մասնագիտություններ ունեն»։

Էսթել Ադամսն ասաց, որ խմբի անդամներն իսկապես այլ աշխատանք ունեն և շաբաթական մեկ անգամ հավաքվում են փորձերի։ «Օրինակ, երգչուհի Լեյլա Ջոնսը, իրականում, իրավաբան է»։

Լեյլան երգելու 15 տարվա փորձ ունի։ «Իսկ երբ «Սալամանկա» նվագախմբի հետ չեմ երգում, աշխատում եմ որպես իրավախորհրդատու։ Զբաղվում եմ հեղինակային իրավունքով»։

Նվագախմբի անդամները պնդում են, որ երաժշտությունը միշտ կարող է երեխաների կյանքի մի մասը կազմել, նույնիսկ եթե նրանք չմասնագիտանան։

Իսկ համերգը մեծ հաջողություն ունեցավ։ Այն գրեթե ավարտվել էր, երբ հանդիսատեսը նոր համարներ պահանջեց, և խումբը շարունակեց նվագել, թեպետ շտապում էր Թբիլիսի՝ մեկ այլ համերգի։

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաները խիստ ոգեշնչող էին, վարպետաց դասն էլ շատ լավ անցավ»,- ասացին նվագախմբի անդամները։ «Նրանց հետ աշխատելն իսկական հաճույք էր»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր