Երեխայի դպրոցական կյանքի սահուն մեկնարկի բանալին

Սեպտեմբերի 12, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

2 րոպե կարդալու համար

Առաջին անգամ դպրոց հաճախելը իրադարձություն է թե՛ երեխաների, թե՛ ողջ ընտանիքի համար։ Դպրոցական կյանքի հատկապես վաղ շրջանում դպրոցին պատրաստվելու պատասխանատու աշխատանքը մեծամասամբ ծնողների և ընտանիքի ուսերին է։ Ահա առանձնացրել ենք ՔՈԱՖ-ի հոգեբան Վարսի Սենեքերիմյանից մի քանի խորհուրդ, որոնք ձեր երեխաների ուսումնական կյանքի մեկնարկը ավելի սահուն կդարձնեն։ 

1․ Ճիշտ կերտել դպրոցի կերպարը

Երեխաները հաճախ երևույթներն ընկալում են այնպես, ինչպես դրանք իրենց ներկայացնում են մեծահասակները։ Ուստի, կարևոր է չստեղծել այն զգացումը, որ դպրոց հաճախելով վերջ է տրվում երեխայի խաղային կյանքին և այն ամենին, ինչն ինքն ամենից շատ է սիրում։ Դպրոցական կյանք մուտք գործելիս «պիտիների շարքը» առանց այդ էլ մեծ է, պետք չէ դրանք ավելի ուռճացնել։ 

2․ Ճանաչել երեխային նոր միջավայրում

Ինչպե՞ս է երեխան իրեն դրսևորում նոր միջավայրում։ Որքա՞ն արագ է ընկալում նոր ինֆորմացիան։ Հե՞շտ է շփվում իր հասակակիցների հետ ու ընկերներ ձեռք բերում։ Այս բոլորը հարցեր են, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխային իր նոր միջավայրում ճանաչելու համար։ 

3․ Կազմակերպել ուսումնական օրը

Ամեն ինչից հավասարաչափ հասցնելու համար օգտակար կլինի օրը բաժանելը ռիտուալների՝ դասն իր ժամին, խաղն իր ժամին, հանգիստն իր ժամին ու այդպես շարունակ։ Օրը գրաֆիկի վերածելը երեխայի մեջ կսերմանի նաև կազմակերպվածություն և ժամանակի կառավարման հմտություններ։ 

4․ Երեխա-ծնող-դասվար կապը

Դասվարների հետ արդյունավետ համագործակցությունը կօգնի բացահայտել երեխայի ուժեղ ու թույլ կողմերն ու աշխատել դրանց ուղղությամբ։ Որպես երեխայի դպրոցական կյանքի անմիջական ականատես՝ դասվարները կարող են նկատել երեխայի վարքի հետաքրքիր դրսևորումներ, որոնք այլ միջավայրում դեռևս ի հայտ չեն եկել։  

5․ Տնային աշխատանքին միջամտությունը

Բնական է, որ յուրաքանչյուր ծնող օգնում է երեխային տնային աշխատանքի հարցում։ Սակայն, ո՞րն է այն սահմանը՝ «Ոսկե միջինը», որը պետք է պահպանել երեխայի ինքնուրույնությունը չկոտրելու համար։ «Դասերի հարցում երեխային օգնելիս ցանկալի է սկզբում մեկ անգամ բացատրել առաջադրանքը և թողնել՝ երեխան անի այնքան, որքան կարողանում է»,- ասում է հոգեբան Վարսին, ով խորհուրդ է տալիս երեխայի հետ աշխատելիս ունենալ շատ սևագրեր և չվարանել դրանք օգտագործել այնքան, որքան պետք լինի։ 

6․ Երեխայի «ես»-ը չխառնել սեփականի հետ

Ծնողները հաճախ երեխայի աշխատանքի արդյունքն անձնավորում են իրենց, սխալները համարում իրենց բաղթողումներն ու ջանք գործադրում, որ երեխան ձգտի անել այնպես, ինչպես իրենք կանեին։ Որքան էլ երեխայի մեջ աշխատասիրություն ու կրթության հանդեպ սեր սերմանելը կարևոր են, ծնողները պետք է երեխայի աշխատանքի արդյունքները չանձնավորեն իրենց։ 

7․ Լինել երեխայի կողքին ու այնպես, որ նա զգա դա

Նոր միջավայրն ու մարդիկ կարող են սթրեսային լինել երեխաների համար։ Չափազանց կարևոր է, որ փոքրիկները դպրոցին ադապտացվելու յուրաքանչյուր փուլում զգան իրենց ծնողների և ընտանիքի ներկայությունն ու աջակցությունը։ Անգամ մի քանի ժամ դպրոցում առանց իր ընտանիքի մնալով՝ երեխան պետք է զգա, որ ինքը մենակ չէ։ 

Դե ինչ, մաղթում ենք բարի երթ դեպի դպրոց։