Կոմիտասն անգլերեն լեզվով ՍՄԱՐԹ-ում

Նոյեմբերի 1, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

4 րոպե կարդալու համար

Այդ հինգշաբթի կեսօրը ՍՄԱՐԹ-ում տարբերվում էր նախորդներից․ 6-18 տարեկան ՍՄԱՐԹիկ դեռ ՍՄԱՐԹ-ում չէին, ուստի կենտրոնը դեռ աղմկոտ ու լի չէր, բայց այն լուռ էլ չէր։ Ամֆիթատրոնից լսվում էին դեպի իրենց կանչող նոտաներ։ Պարզվում է՝ այնտեղ փորձ էր։ Դահլիճում ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանն էր իր կնոջ հետ։ Նա փորձ էր անում, տեխնիկապես պատրաստվում, ստուգում ձայնը։

As it appeared, it was Sebu Simonian with his charming wife rehearsing before…

Կողքից յուրաքանչյուր նայող կհասկանար, որ նա շատ պատասխանատու ու կարևոր միջոցառման է պատրաստվում։ Եվ այդպես էլ կար․ չէ՞ որ մի քանի ժամից Սեպուհը ՍՄԱՐԹամեջ էր դուրս գալու՝ կիսվելու իր փորձով, պատմելու իր երաժշտական ուղու մասին ու մի քանի կատարումներով հանդես գալու։

Թեպետ արդեն մոտենում էր ժամը 16։00-ն, ինչը նշանակում էր, որ շուտով հանդիսատեսով լի դահլիճում մեկնարկելու է ՍՄԱՐԹամեջը, Սեպուհը չէր դիմանում ՍՄԱՐԹ ավանի բնությունը վայելելու ու մի քիչ խենթություններ անելու գայթակղությանը։

Դահլիճը լի էր, և ժամանակն էր ՍՄԱՐԹամեջ դուրս գալու։ Սեպուհը միջացառումն սկսեց միանգամից երաժշտական կատարմամբ՝ «Keep a light on» գործով, որ գրվել է 20 տարի առաջ, սակայն դեռ չի ձայնագրվել, քանի որ տարիներ շարունակ փոփոխվում է, փոխում անգամ իր անունը։ Հավանաբար այս անվանումը կլինի վերջինը։ Մեր ուսանողների համար սա հիանալի օրինակ էր, որ արտիստն իր գործի վրա կարող է աշխատել տարիներով ու դեռ վերջնականապես ավարտած այն չհամարել։

Մեր հյուրը կատարումներին զուգահեռ հասցնում էր նաև պատմեր իր մասին, երգարվեստում իր անցած ուղու մասին, որն սկսվել է դեռ 6 տարեկանում դաշնամուրի դասերի գնալուց ու դպրոցի երգչախմբում երգելուց։ Այնպես չէ, որ հենց սկզբից Սեպուհը շատ խանդավառված էր այդ դասերով կամ երգչախմբով։ Եվ, իրականում, մեզնից շատերի հետ էլ այդպես է պատահում․ պարտադիր չէ, որ այն զբաղմունքը կամ գործը, որ մենք ունենք, ի սկզբանե մեծ խանդավառությամբ սկսած լինենք։ Բայց հաճախ մեր ճանապարհին են հայտնվում մարդիկ կամ հանգամանքներ, որոնք շատ բան են փոխում, փոխում են նաև մեզ։ Սեպուհի դեպքում շատ բան փոխվեց, երբ նա սկսեց լսել The Beatles և Pink Floyd: Նա տարվեց ռոք երաժշտությամբ ու նույնիսկ ռոք խումբ հիմնեց, որն այսօր չկա։ Հիմա նա Ռայան Մերչանտի հետ Capital Cities դուետում է հանդես գալիս։ Եվ նա չէր կարող չկատարել Capital Cities-ի հայտնի «Safe and Sound» գործը։

Ի դեպ, այս երգը հետաքրքիր պատմություն ունի, որ գուցե քչերը գիտեն: Ի սկզբանե այն զովացուցիչ ըմպելիքների գովազդի համար էր ստեղծվել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ընդունվել պատվիրատուի կողմից։ Դրանից հետո Capital Cities-ը որոշում է ձայնագրել ու թողարկել այն, ինչն էլ, արդյունքում, նրանց մեծ հռչակ է բերում։

Ինչպես Սեպուհը նկատեց, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը եզակի հնարավորություն է գյուղական համայնքների երիտասարդների համար, քանի որ բոլորը չէ, որ կարող են ուսանել այսպիսի նորարական ու ժամանակակից կենտրոնում, այն էլ՝ գյուղերում: Եվ նա քաջալերում էր երիտասարդներին օգտվել հնարավորությունից ու շատ աշխատել իրենց կրթության ու զարգացման վրա։

Սեպուհը չխուսափեց նաև հարցերից, որոնցից մեկի արդյունքում պարզվեց, որ նա The Beatles-ի և Pink Floyd-ի երկրպագուներից է, իսկ ամենասիրելի երգերից մեկն էլ Ջոն Լենոնի «Imagine»-ն է, որից մի փոքր կտոր նույնիսկ նվագեց։ Ի դեպ, Սեպուհը նաև հայկական երգարվեստի սիրահարն է․ նա շատ սիրում է Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի գործերը։ Իսկ ամենասիրած երգից մեկն էլ Առնո Բաբաջանյանի վերամշակմամբ Կոմիտասի «Վաղարշապատի պար» ստեղծագործությունն է։

Դահլիճն իր էմոցիոնալ պիկին հասավ, երբ հնչեց Կոմիտասի «Ես սարեն կուգայի» (անգլերեն՝ “I came down from the mountain”) երգը, որի մի հատվածը Սեպուհը թարգմանել էր անգլերեն և կատարում էր մի մասը հայերեն, մի մասն էլ անգլերեն։ Այս կերպ նա ուզում է օտարազգիներին ավելի մոտեցնել Կոմիտասին։

Եվ ինչպես միշտ, ՍՄԱՐԹամեջի ավարտից անմիջապես հետո մեր ոչ մի հյուր չի հեռանում, քանի որ սիրով լուսանկարվում է ՍՄԱՐԹկանց հետ։