Զրուցելով փիլիսոփայի հետ․ Շահանե Հալաջյան
Մարտի 20, 2022
Հեղինակ՝ Նանե Վարդանյան
ՔՈԱՖ-ի ցանկացած ձեռքբերում, որը Հայաստանի գյուղերի ներկան ավելի գունավոր է դարձնում, նվիրված մարդկանց ու թիմի ջանքերի արդյունք է։ Շահանե Հալաջյանը ՔՈԱՖ-ի այն վաղեմի «բնակիչներից» է, որ վաղուց տանտիրոջ կարգավիճակ ունի՝ բառի ամենադրական իմաստով։ Շահանեն Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթության ղեկավարն է։ Կենտրոնի հետ է եղել բացման առաջին իսկ օրվանից ու վերջինիս մասին հոգում է, ինչպես հոգատար տանտերն իր տան մասին։
Փիլիսոփա ամեն ինչում
Շահանեն 8․5 տարի փիլիսոփայություն է ուսումնասիրել։ «Որոշեցի փիլիսոփա դառնալ, որ առաջին հերթին ինքս ինձ հասկանամ, հետո՝ աշխարհը։ Այդ աշխարհը գնալով մեծացավ, դարձավ տիեզերք․․․ Ես ինձ էի փնտրում, բայց ավելի կորա երևի»,- ժպիտով խոստովանում է նա։
Շրջապտույտ ողջ Հայաստանով
Որքան փորփրես Շահանեին, այնքան նոր բան կբացահայտես։ Այն, որ նա շուրջ 3 տարի պրոֆեսիոնալ զբոսավար է աշխատել, ոչ բոլորը գիտեն։ Պատմության, արշավների սիրահար ու պարզապես «Հայաստանը մանրամասն սիրող» Շահանեն Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել է USAID-ի կողմից անցկացվող զբոսավարի դասընթացի ու տուրերի շրջանակում շրջել ողջ Հայաստանով ու Արցախով։ Բնության ու արշավելու հանդեպ սերը գալիս է իր արմատներից՝ Լոռու մարզից։
Ճամփորդ Նիդերլանդներում
Փիլիսոփայության ուսումնասիրության 2․5 տարիները Շահանեն անց է կացրել Նիդերլանդներում։ Արտերկրում ուսումն իրեն տվեց ինքնուրույնություն, սեփական վախերը հաղթահարելու կարողություն և սովորություններ, որոնք մինչ օրս իր հետ են։
«Ցանկացած դեր, որ քեզ տրվում է կյանքում, պետք է փորձես լավագույնս իրականացնել»,- ասում է նա՝ պատմելով Ամստերդամում իր՝ որպես կամավոր Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցում հայկական մշակույթ դասավանդելու շրջանի մասին։ Հիշում է՝ հայերը, որոնք վաղուց էին Նիդերլանդներում, շատ լավ էին խոսում հայերեն, մինչդեռ վերջին տարիներին գնացածները հոլանդերեն էին խոսում։ «Ես հասկանում էի, որ պետք է առավելագույնն անեմ հայերենի դասին պատրաստվելիս՝ գիտակցելով դրա ողջ պատասխանատվությունը»։
Նոր երկիր բացահայտող երբեմնի զբոսավարը Նիդերլանդներում առանց զբոսավար չմնաց։ «Ճամփորդելիս հանդիպում էի այն զբոսաշրջիկներին, որոնց մի ժամանակ ես էի պտտում Հայաստանով. այնտեղ արդեն նրանք էին դառնում իմ գիդը։ Այդտեղ հասկանում ես, թե որքան փոքր է այս մոլորակը, ու որ ինչ տալիս ես, քեզ է վերադառնում»,- ասում է նա։
ՍՄԱՐԹ-ը երեկ, այսօր ու վաղը
Շահանեն ու ՔՈԱՖ-ը միասին մի տասնամյակ ճանապարհ են անցել։ «Մոտ 22 տարեկան էի՝ թիմում ամենափոքրը, երբ ՔՈԱՖ-ին միացա որպես քաղաքացիական կրթության ղեկավար»։ Տարիներ անց, երբ մեկնեց Ռեդբաուդի համալսարան ուսման, գաղափար չուներ, որ կվերադառնա ու կշարունակի ՔՈԱՖ-ում աշխատել։
«Մի անգամ, երբ եկա արձակուրդի ու այցելեցի պապիկիս տուն՝ Դսեղ, ճանապարհին տեսա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման մասին ցուցանակը մի վայրում, որտեղ իմ ամբողջ մանկությունն էր անցել։ Ես օրերով այդտեղ խոտերին պառկել ու գիրք էի կարդացել։ Այդ տարածքում այն ժամանամ ոչինչ չկար։ Այդտեղ գալու էր ՍՄԱՐԹ-ը, որի կարիքը ես, լինելով Վանաձորից, գիտեի, թե որքան կա»։ Այս լուսանկարում, որը մոտ յոթ տարի առաջ՝ այդ օրն է արել, այն տարածքն է, որտեղ հետո կառուցվեց ՍՄԱՐԹ կենտրոնը։
Ճանապարհն ի վերջո Շահանեին տարավ ետ՝ իր սիրելի Լոռի, որտեղ այժմ ղեկավարում է ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերը։ «Շատերը բողոքում են հիմիկվա սերնդից, բայց ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք պահանջատեր, լուսավորող սերունդ, որ հմուտ է, իրազեկ ու բանիմաց։ ՍՄԱՐԹ կենտրոնից երազանքներով դուրս եկող երիտասարդները հենց այդ արդյունքի ծիլերն են իրենց համայնքներում»,- ասում է նա։
Շահանեն հավատացած է, որ կրթությունը պետք է այնքան բարելավել, որ այն համապատասպանի նոր սերնդի պահանջներին։ «Կրթությունը ապրող օրգանիզմ է»։ Պետք է այն ապրեցնել։