Նոր կրթական միջավայր՝ սահմանային Վազաշենում

Նոյեմբերի 8, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
Լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Սեպտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքում պաշտոնապես բացվեց հերթական ՍՄԱՐԹ սենյակը։  Այսուհետ գյուղի դպրոցի շուրջ 80 աշակերտներ կօգտվեն այդ սենյակից՝ հնարավորություն ունենալով կապի մեջ լինել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի և ՔՈԱՖ-ի շահառու մյուս գյուղերի հետ։

«Սահմանամերձ գյուղում այսպիսի կրթական միջավայր ունենալը խիստ ոգեշնչող է»,- ասում է Վազաշենի ՍՄԱՐԹ սենյակի համակարգող Մերի Սարհատյանը։- «Երեխաները շատ ուրախ են, որ այսպիսի ժամանակակից միջավայրում են սովորելու։ Վազաշենը սահմանամերձ գյուղ է, ոչ բոլոր ընտանիքներն են, որ տեխնոլոգիաներից, ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն։ ՍՄԱՐԹ սենյակը կօգնի աշխարհի հետ կապ հաստատել»։

Դպրոցի ուսուցիչները նորաբաց սենյակում հաճախ են դասեր անցկացնում․ «Տեխնոլոգիաների օգնությամբ առաջադրանքներ կատարելն ավելի է հեշտացել։ Սենյակն արդեն ջեռուցվում է, երեխաները չեն հիվանդանա»։

«Այստեղ բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացնում»,- ասում է Մերի Սարհատյանը։- «Շուտով անգլերենի դասեր ենք սկսելու»։

ՍՄԱՐԹ սենյակը բաց է ողջ համայնքի համար։ Այստեղ գյուղի բնակիչները կարող են հավաքվել, զանազան ժողովներ ու քննարկումներ անցկացնել։

«ՔՈԱՖ-ը փորձում է փոխել երեխաների մտածելակերպն ու խելացի, ժամանակակից լուծումներ առաջարկել, որը խիստ կարևոր է»,- ասում է Մերի Սարհատյանը։- «Արդեն գրեթե 20 երեխա է գրանցվել անգլերենի Access միկրոկրթաթոշակային ծրագրի համար, որը ՔՈԱՖ-ն իրականացնում է ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Ապագայում այլ ծրագրեր էլ կիրականացվեն, և համայնքն էլ ավելի կաշխուժանա»։