Շատ խորը Ստելլան Դսեղից

Հունվարի 29, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Երբ խորանում ես մարդկանց մեջ, գտնում ես շատ խորը մարդկանց։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին շրջանավարտներից Ստելլա Ավետիքյանը, ով ծնունդով Դսեղից է, մարդկային այդ «ժանրին» է պատկանում։ «Շատ խորը» կոչվում է շրխկան պոեզիայից ծնված այն նախաձեռնությունը, որով զբաղվում են ինքն ու Վանաձորից Լիլիթ Ղազարյանը։ 

Նրանք համախմբում են ստեղծագործող մարդկանց ու հարթակ տրամադրում՝ բարձրաձայնելու իրենց ասելիքը արվեստի միջոցով։ ՔՈՎԻԴ-ի հետևանքով ուշացած, բայց իրականություն դարձած նրանց միջոցառումները տեղի ունեցան 2021-ի հունիսին ու նոյեմբերին։ «Շատ խորը» առաջին բացօթյա միջոցառումը ստեղծագործողներին առաջին անգամ հավաքեց Վանաձորի սարերում, ապա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ 

Մինչ Ստելլան զբաղված է ակտիվ հասարակական գործունեությամբ, Լիլիթը, շարքից ոգեշնչված, իր ընկերների հետ միասին ստեղծել է նաև «Մի տեսակ խորը» շարքը։ 

Ստելլան ասում է՝ այդպիսով սիրում են խորանալ այնպիսի թեմաների մեջ, որ բոլորի ներսում են, բայց ոչ բոլորն եմ բարձրաձայնում դրանք կամ ժամանակ գտնում այդքան խորանալու։ «Մենք փորձում ենք բարձրացնել նկատած խնդիրները արվեստի միջոցով»,- ասում են նրանք։ 

«Շատ խորը»-ն Ստելլայի կյանքում առաջին աբստրակտ հոբբին չէ։ Մինչ շրխկան պոեզիային անցնելը նա ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին երաժշտական բենդի՝ «ԱփՍՈՍ»-ի շրջանակներում հարվածային գործիքներն էր շրխկացնում։ 

Ափսոս, բայց «ԱփՍՈՍ»-ը երկար կյանք չունեցավ․ բենդի մասնակիցները պատրաստվում էին համալսարան ընդունվել ու միայն մեկ տարի միասին ստեղծագործեցին։ Նրանք հասցրին ելույթ ունենալ վանաձորյան «Լավ էլի» ու բրիտանական «Սալամանկա» բենդերի հետ ՍՄԱՐԹամեջերի ընթացքում։ Չնայած ամեն մեկը հիմա իր ուղով է գնացել, նրանք սիրով են հիշում խումբն ու իրենց «դասղեկին»՝ Դավիթ Գալստյանին (կատակով այսպես էին դիմում նրան): 

Հիմա Ստելլան սովորում է ԵՊՀ-ի Սերվիս բաժնում, աշխատում Ուսանողի տանը, «Մարզերի երեխաները մարզերում» հկ-ի համահիմնադիրն ու խորհրդի անդամ է ու մտքում իր հայրենի գյուղի՝ Դսեղի հետ կապված շատ ծրագրեր ունի։ Թեև հիմա հաճախ չի հասցնում գնալ այնտեղ, ասում է՝ չգնացած ամեն օրը ներդրում է հետագայում այնտեղ ավելի շատ ժամանակ անցկացնելու մեջ։ Կարոտում է իր բարբառը (փորձում է հնարավորինս շատ խոսել դրանով), գյուղի մարդկանց ու նրանց խոսակցության թեմաները։ Իր գործունեությամբ ու օրինակով ամեն կերպ խթանում է, որ իր նման երիտասարդներն ի վերջո վերադառնան իրենց համայնք և սովորածն ու տեսածն օգտագործեն համայնքի զարգացման մեջ։