Ճկուն մարմնով ու լեզվով ապագա դերասան Ստյոպան

Փետրվարի 11, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Նա ազատ ժամանակ նստում ու խորհում է իր ապագա կարիերայի մասին, ինքն իր կերպարին հարցեր տալիս ու պատասխանում դրանց։ Այս շատ անձնական «արարողության» ետևում ՔՈԱՖցի Ստյոպա Դավթյանն է, ով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաճախում է ՔՈԱՖ-ի Թատերական թերապիա ծրագրին։

«Թատրոնն իմ կյանքի մի մասն է․ այն ինձ հնարավորություն է տալիս ազատ արտահայտվել ու պարզապես ազատ լինել»,- ասում է 11-ամյա ապագա դերասանը։ Փոքրուց իր մեջ դերասանական հակումներ է նկատել ու սիրել  նմանակումներ անել։ Չնայած իրեն պատկերացնում է հումորային ֆիլմերում, սահմանափակումներ չի դնում։ «Ինչպես Չարլի Չապլինն է ասել, հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված»,- մեջբերում է նա։ 

Ստյոպայի համար թատրոնի աշխարհը վեր է ամեն տեսակ սպորտից, բայց վերջինիս ոլորտում նա ևս աչքի է ընկնում։ Ճկուն է թե՛ նրա լեզուն, թե՛ մարմինը։ Շուրջ 6 տարի հաճախել է մարմնամարզության, վերջերս էլ՝ ՔՈԱՖ-ի Ձյուդո ծրագրին, որտեղ նախավարժանքի ժամանակ մեր սարդ-մարդը (Spider Man) բոլորին զարմացնում էր՝ 180 աստիճան պտտված՝ ձեռքերով քայլելով։

Ստյոպան ու իր ընկերները Թատերաթերապիա ծրագրի շրջանակներում մի քանի ներկայացումներ են բեմադրել ու վարպետաց դասեր անցկացրել հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Վարշամ Գևորգյանն ու Լևոն Իվանյանը։ 

Ստյոպան լիովին ծանոթ է ետնաբեմի աշխատանքին՝ սցենար գրելուց մինչև դերերի բաշխում ու հագուստների, բեմի ձևավորում։ Նա արդեն խաղացել է «Երբ մտքերը սառչում են օդում» ստեղծագործության ծովացուլի դերն ու Պարույր Սևակի «Ձեր ծանոթները» ժողովածուից ծտի դերը։ 

Խաղը շարունակվում է։ Կհանդիպենք ապագայի թատրոնում։