Լինում է, չի լինում․ շոկոլադի պատմությունը

Մայիսի 21, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Տիգրան Մելքոնյանի

2 րոպե կարդալու համար

Շոկոլադը սիրո միջազգային լեզու է։ Մարդիկ սիրահարվում են նրան դեռ երիտասարդ տարիքում։ Ու թվում է՝ այդ սերն անմար է։

Մայիսի 15-ի ՍՄԱՐԹամեջն անսահման համեղ ու քաղցր էր՝ Հայաստանում արտադրվող TadDin Chocolatier-ի արհեստագործական շոկոլադների պես։ TadDin-ի համահիմնադիրներ Դիանա Խոփշանոսովան և Մհեր Թադևոսյանը մեր ուսանողներին ու ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմանը հետևողներին ծանոթացրին շոկոլադի ծագմանն ու պատմությանը, վիրտուալ տուր անցկացրին Երևանի իրենց արտադրամասում։

Շոկոլադն ստանում են կակաոյից՝ մշտադալար ծառից, որ աճում է Հարավային Ամերիկայի արևադարձային երկրներում։ Կակաոյին կյանք է պարգևում կոլիբրին․ հենց այդ թռչունն է փոշոտում կակաոյի ծառերը։

Մեծ էր շոկոլադի դերը մայա ցեղերի մշակույթում։ Մայաները նախ հավաքում էին կակաոյի ծառերից ունդերի սերմերը, հետո՝ ֆերմենտացնում, ունդերը չորացնում արևի տակ, այնուհետև՝ տապակում, կեղևազատում ու վերածում մածուկի։

Ի սկզբանե շոկոլադն ըմպելիք էր, մատուցվում էր որպես դառը հեղուկ՝ համեմված դեղաբույսերով, կծու պղպեղով և եգիպտացորենի ալյուրով։ Մայաներն այն համարում էին աստվածային պարգև, որ ըմբոշխնում էին ամեն օր այնպես, ինչպես մենք այսօր ամեն առավոտ վայելում ենք սուրճը։

Մեզ այսօր հայտնի շոկոլադե սալիկներն ընդամենը 200 տարվա պատմություն ունեն։ Շոկոլադը միայն 19-րդ դարում է հասել մեր մայրցամաք, այդ թվում՝ Եվրոպա։ Այդ օրվանից էլ տարածվել է աշխարհով մեկ՝ վերամշակվելով ու ստանալով հազարավոր համային երանգներ։

Արհեստագործական շոկոլադը հազվագյուտ և եզակի խորտիկ է Հայաստանում։ TadDin-ն այն քիչ շոկոլադագործական արտադրամասերից է, որտեղ օգտագործվում են քաղցրավենիքի ստացման հնագույն տեխնոլոգիաները։ Նրանց արտադրանքը ներառում է դասական ՝ սև, կաթնային ու սպիտակ շոկոլադից մինչև բացառիկ համեր՝ թարխունով, բաստուրմայով, կիտրոնով, չրերով։

Ըստ Դիանա Խոփշանոսովայի՝ գիտելիքն է ամեն բնագավառի բանալին։ Նա խրախուսեց մեր ուսանողներին երբեք չվախենալ նոր բան ձեռնարկելուց, համառ լինել ու հավատալ սեփական գործին, նույնիսկ երբ ուրիշ որևէ մեկը չի հավատում։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր