Վալերիկ 1*․ Տարոն Մարուքյան

Փետրվարի 27, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Բոթաս, Գիզմոն, Ռայնո, Սեռիկ, Ռիժիկ, Զռթիկ` սա ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Տարոն Մարուքյանի կատուների ոչ լրիվ կազմն է։ Նրանք ինն են, և նրանցից ոչ մեկի անունը պատահական չէ ընտրված։
Առաջին կատուն, որ հայտնվել է Տարոնի տանը, Ռայնոյի մայրիկն էր՝ Զռթիկը։
«Երևան մենակ էի ապրում ու որոշեցի՝ կատու պահեմ։ Կատուները շատ ինքնուրույն են այդ առումով, շատ խնամք չեն պահանջում»,-պատմում է նա։
2016թ․, երբ Տարոնը որոշեց հետ վերադառնալ հարազատ Վանաձոր, Զռթիկին էլ հետը բերեց։
«Հետո Զռթիկը ձագեր ունեցավ, դե հո տնից չէի հանի։ Բայց ամենահայտնին ու մարդամոտը Բոթասն է»,- ասում է Տարոնը, ով արվեստանոցն ու առօրյան առանց կատուների է՛լ չի պատկերացնում։
Այնուամենայնիվ, Տարոնի համար առաջնայինն արվեստն է, հետո միայն կատուները։
«Եթե նկարիչ ես, ապա պետք է ապրես դրանով։ Նկարելուց շատ ես մտածում եմ, թե ինչ նկարեմ»,- բացատրում է Տարոնն ու, օգտվելով ազատ ժամանակից, շարունակում աշխատել նոր գործերից մեկի վրա։
Սովորաբար զուգահեռ մի քանի գործի վրա է աշխատում։ Ասում է՝ դեռ շատ անելիք կա։ Այդ «անելիքը» տեսանելի է, թերևս, նրա աչքին և միգուցե Բոթասի, ով սիրում է հարմար տեղավորվել աթոռին կամ բազմոցին ու գիտակի հայացքով ուսումնասիրել ավարտուն և կիսատ կտավները։
Տարոնն աշխատում է,  որ մի օր ԱՄՆ-ի թույն պատկերասրահներում իր գործերը ցուցադրվեն։

#1.Տարոնի դիմանկարը նրա վերջին անավարտ գործերից մեկի ֆոնին։ Յուրօրինակ ակնոցները պաշտպանում են ներկերի ու նյութերի ազդեցությունից։.


#2. Տարոնի ինը կատուներից ամենահայտնին Բոթասն է։ Նրա մասին Հայաստանից դուրս էլ գիտեն։ Նա անպակաս է Տարոնի մասին նկարահանված բոլոր ռեպորտաժներից։


#3. Տարոնն ասում է, որ Վանաձորը տրամադրում է նկարելուն։ Այստեղ էներգետիկան ուրիշ է։ Դրա համար էլ չկարողացավ երկար Երևանում ապրել, հետ վերադարձավ հարազատ քաղաք։


#4. Արվեստանոցում մեկ անզգույշ շարժում, ու քո տաբատը, օրինակ, վեր է ածվում  «արվեստի գործի»։ Ներկոտվելն անխուսափելի է։


#5. Տարոնն ու ՍՄԱՐԹ-ի թվային նկարչության ծրագրավար Վահրադ Մելիքջանյանը ազատ ժամանակ սիրում են նվագել։ Երկուսն էլ ինքնուս են։


#6. Տարոնը սիրում է իրենց նվագած երաժշտության հետ «խաղալ»,«միքսել»։


#7. Նոր երաժշտական միքսն են լսում «Որդան կարմիր» և «Clocker» ռոք խմբերից Պայքարի ու Խաչիկի հետ։ Նրանք մասնագիտական խորհուրդներ են տալիս ու երաժշտական նորարարություններով կիսվում Տարոնի և Վահրադի հետ։


#8. Տարոնն ասում է, որ կատուները փոքրիկ կացնի ձայնը լսելուն պես վազում են իր մոտ՝ իմանալով, որ ուտելու պահն է։

 

*Ընկերական շրջապատում Տարոնին ու Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրանց անունները չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը երկուսն էլ արձագանքում են։