Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

Մայիսի 1, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Մենք ձեզ հաճախ պատմում ենք գյուղերում մեր աշխատանքի, մեր ուսանողների հաջողությունների, ընթացիկ ու ապագա ծրագրերի մասին։ Թե ովքեր են այն մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանք են տանում ու այդ ծրագրերը իրականություն դարձնում, հաճախ մնում է «կադրից դուրս»։ Այսօր՝ Հայաստանում Աշխատավորների օրը, ուզում ենք պատմել մարդկանց մասին, որոնք կանգնած են ՔՈԱՖ-ի առաքելության ետևում։

 

Նաիրի Զատիկյանը մեր ճարտարագետն է։ Երևանյան գրասենյակում թեյ է պատրաստում՝ մինչ կմեկնի Դեբետ՝ տեսնելու, թե ինչպես են ավարտին մոտենում Դեբետի գեղեցկության սրահի և «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի շինարարական աշխատանքները։

 

Մեր Բանավեճի ծրագրավար Լարիսա Մկրտչյանը պատրաստվում է դասին ու ուր որ է Արմավիր մեկնելուն։

 

Ռեբեկան մեր հաղորդակցության մասնագետներից մեկն է։ Հերթական ամսական տեղեկագիրն (newsletter) է պատրաստում, որ ձեզ պատմի ամսվա կարևոր իրադարձությունների մասին։ Իմիջիայլոց, Դուք ստանո՞ւմ եք դրանք։ Եթե ոչ, սեղմեք մեր կայքի «Բաժանորդագրվեք» կոճակը, լրացրեք դաշտերը, ու կստանաք։ Հավատացնում ենք, որքան շատ դա անեք, այնքան Ռեբեկան ավելի լիաթոք կծիծաղի։

 

Ընտանեկան դիմանկար՝ երևանյան գրասենյակից։

 

Վերջերս Հայաստան էր ժամանել մեր հիմնադիր Դր․ Կարո Արմենը։ Լոռի այցի ընթացքում մեր Ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող Արթուրը նրան ծանոթացնում է Այցելուների կենտրոնի, Դսեղի Առողջության կենտրոնի և այլ ենթակառուցվածքային նախագծերի առաջընթացին։

 

ՍՄԱՐԹ կենտրոնի այգեպան Էդվարդ Սարգսյանը՝ իր կարևոր գործին։

 

ՍՄԱՐԹ-ի ամենակարող ծրագրավար Վահրադը։ Նա թվային նկարչություն է դասավանդում ու մեր ուսանողների ամենախենթ նախագծերից շատերի «մեղավորն» է։

 

ՍՄԱՐԹ-ը ՍՄԱՐԹ է նրանց շնորհիվ։

 

Նրանք առաջինն եմ իմանում ու հոգում մեր շահառուների կարիքների մասին։ Մեր հոգեբանների ու ՍՄԱՐԹ կենտրոնի Մանկան զարգացման անկյունի թիմերը։

 

Էմմա Վարդանյանը Հացիկի նորաբաց Երեխայի և ընտանիքի կենտրոնի սոցիալական աշխատողն է։ Շահառուների հետ հանդիպումներն արդեն այսպիսի մտերմիկ միջավայրում են տեղի ունենում։

 

ՍՄԱՐԹ-ին կից գործող Կոնցեպտ հյուրանոցում մեր ընդունարանի աշխատակից Մերի Մատինյանը միշտ սպասում է ձեր զանգերին։

 

Պատերազմի և համաճարակի օրերին, անկախ աշխատանքի բնույթից, շատերս զբաղված էինք գյուղեր մարդասիրական օգնություն ուղարկելով։ Այդ հարցում մեզ օգնում էր նաև մեր վարորդ Էդգարը։

 

Եթե ՔՈԱՖցի, ուրեմն հավերժ ՔՈԱՖցի։ Բոլորս միասին 2019-ին։

 

Ավելի մեծ մասշտաբով։ Երբ մենք միասին ենք, կրկին կառուցում ենք, ստեղծում, մտածում։