ՔՈԱՖ-ի աշխարհագրությունը կամ մենք ենք՝ մեր գյուղերը

Փետրվարի 5, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Մեզ հաճախ տրվող հարցերից է, թե որտեղ ենք մենք աշխատում և որքան մեծ է ՔՈԱՖ-ի աշխարհագրությունը։ Հենց այդ մասին էլ կպատմենք Ձեզ այսօր։ 

ՔՈԱՖ-ի գրասենյակները գտնվում են Երևանում, Նյու-Յորքում, Լոռու Դեբետ գյուղի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, և ունենք թիմակիցներ Արմավիրի մարզում ու Լոս Անջելոսում։ Մեր գործունեությունը մինչ օրս սփռվել է Հայաստանով մեկ՝ հասնելով 6 մարզի 64 գյուղեր։ 

Արմավիր

Մեր առաջնեկը։ 2003թ․-ին ՔՈԱՖ-ը հիմնադրվեց՝ սկսելով իր ծրագրերը Արմավիրի Քարակերտ գյուղում։ Կարիքներիի վրա հիմնված օգնության տրամադրումից աստիճանաբար անցում կատարեցինք դեպի գյուղական համայնքների զարգացման մոդել, որ ներառում է գործունեության հետևյալ 4 ոլորտները՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի ծառայություններ, տնտեսական զարգացում։

Հատկանշական է, որ մինչ օրս ՔՈԱՖ-ի կողմից իրականացված 170-ից ավելի ենթակառուցվածքային բարեփոխումներից 67-ն արվել են Արմավիրի 18 գյուղերում, բայց սա դեռ ամենը չէ։ 

Արմավիրի Հացիկ գյուղում 2021-ին բացվեց ՔՈԱՖ-ի առաջին Երեխայի և ընտանիքի կենտրոնը, որը մեկ տանիքի տակ համախմբեց գյուղական համայնքներում մեծ պահանջարկ ունեցող ծառայություններ (սոցիալական աշխատանք, հոգեբանական և լոգոպեդական ծառայություններ, երեխայի զարգացման ծրագրեր): Նման կենտրոն շուտով կկառուցվի նաև Քարակերտ գյուղում։ 

Եվ որ ամենակարևորն է, 2022-ին Արմավիրի Մյասնիկյան գյուղում կմեկնարկի մեր՝ թվով 2-րդ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունը։ 

Արագածոտն

Արագածոտնի մարզում մեր շահառու համայնքները 2-ն են՝ Արտենին ու Արագածավանը։ Վերջիններս գտնվում են Արմավիրին կից ու օգտվում ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական ծրագրերից ու երեխայի և ընտանիքի ծառայություններից։

Գեղարքունիք 

2016 թ․ ՔՈԱՖ-ը մի շարք գործընկեր կազմակեպությունների հետ կոնսորցիում ձևավորեց՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում զարգացնելու Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղը առողջապահական, կրթական և տնտեսական ծրագրերի, մարդկանց ունակությունների կատարելագործման և առաջընթացի այլ նախաձեռնությունների միջոցով։

Լոռի

2018-ին Լոռու մարզում բացվեց առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը, որն իր շուրջ համախմբեց շրջակա 27 համայնքներին (ներառյալ Վանաձորն ու Ալավերդին): ՔՈԱՖ-ի գրասենյակներից մեկն էլ հենց կենտրոնում է՝ Դեբետ գյուղի ՍՄԱՐԹ ավանում, որտեղ նաև տեղակայված են ՔՈԱՖի Կոնցեպտ հյուրանոցը, Այցելուների կենտրոնը, ու ներկայումս կառուցվող Համաժողովների կենտրոնը։ 

2020-ի վերջին ՔՈԱՖ-ը ստանձնեց Դեբետն ամբողջությամբ «ՍՄԱՐԹ գյուղ» դարձնելու առաքելությունը, որի մի մասն արդեն իրականություն է։ Այս տարի էլ Լոռու Դսեղ գյուղում մեկնարկեց Առողջության նոր կենտրոնի կառուցումը, որը կսպասարկի 16 համայնքների բնակիչների։ 

Շիրակ

Շիրակ մուտք գործեցինք 2016-ին՝ տեղի 7 գյուղական համայնքներում սկսելով ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են դպրոցական սպորտդահլիճների, ճաշարանների վերանորոգումն ու ատամնակայանների և խաղահրապարակների հիմնումը։ Մարզում ՔՈԱՖ-ն ունի 10,000-ից ավելի շահառուներ ու մինչ օրս իրականացրել է 17 ենթակառուցվածքային ծրագրեր։ 

Տավուշ

Տավուշյան մեր պատմությունը ևս սկիզբ է առել 2016-ին։ Տեղի 7 համայնքներից 4-ը սահմանամերձ են, ու վերջիններիս ընտրությունը պայմանավորված է երկիրը սահմանից սկսած ամրացնելու կարևորությամբ։ Տավուշի Այգեհովիտ, Կոթի, Վազաշեն գյուղերում հիմնվել են ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի նախատիպն են։ 

Արցախ

Այո՛, 2022-ը ՔՈԱՖ-ի համար մեկնարկեց Արցախ մուտք գործելով։ Որպես հետպատերազմյան շրջանում արցախահայությանը ցուցաբերած օգնության հաջորդ քայլ ու մեր վաղեմի ցանկության իրագործում՝ այս տարի Ստեփանակերտում կբացվի ՔՈԱՖ-ի 4-րդ գրասենյակն ու տեղում ձևավորվող թիմի ջանքերով կմեկնարկեն մեր ծրագրերը։ 

*****

Լավն լուրն այն է, որ մեր գործունեությունը շարունակ ընդլայնվում է, ու այդ ամենը հնարավոր է դառնում մեր աջակիցների շնորհիվ։ Դուք էլ կարող եք նպաստել, որ գյուղաբնակ ավելի շատ երեխաներ ու ընտանիքներ հասանելիություն ունենան ՔՈԱՖ-ի ծրագրերին։ Հայաստանը հզորացնենք՝ սկսելով գյուղերից։