Վալերիկ 2*: Անտրոպոմորֆների տիրակալը` Վահրադ Մելիքջանյան
Հունիսի 30 2020
Հեղինակ՝ Քնար Բաբայան,
լուսանկարները Քնար Բաբայանի
Վանաձորից 26-ամյա արվեստագետ Վահրադ Մելիքջանյանը ոնց որ իր իսկ նկարներից ու ռոբոտ-քանդակներից փախած կերպար լինի:

Վահրադն այս կարծիքը չի էլ հերքում: Նա համոզված է, որ յուրաքանչյուր արվեստագետ ենթագիտակցորեն իրենից ինչ-որ բան է դնում իր ստեղծած կերպարի մեջ:
«Առաջին անտրոպոմորֆ ռոբոտն ով տեսնում է, ասում է, որ ոտքերը ճիշտ իմ ոտքերի կրկնօրինակն է»,- ժպտալով ասում է Վահրադը` հայացքն իր ոտքերից սահուն տեղափոխելով քանդակի ուղղությամբ:
Նրա բոլոր հերոսներն իր մեջ են ապրում, նա ուղղակի այլ իրականությունից նրանց տեղափոխում է մեր իրականություն: Ահա թե ինչու Վահրադը անիմաստ է համարում նրանց անուններ տալ:
«Ինչպե՞ս կարելի է անուն տալ մի բանի, որ մեր տեսանելի իրականության մեջ գոյություն չունի: Նրանք ապրում են միայն ինձ տեսանելի իրականությունում»,- ասում է նա:
Արվեստի ամեն մի ճյուղ յուրովի է հետաքրքրում Վահրադին, բայց վերջին ամիսներին նրա ամբողջ ուշքն ու միտքը անտրոպոմորֆ ռոբոտներն են, որոնց ստեղծման վրա էլ նա աշխատում է օր ու գիշեր:
Վահրադի ստեղծած անտրոպոմորֆների հավաքածուն բաղկացած է լինելու 30 ռոբոտներից, որոնք պլանավորում է ցուցադրել ինչ-որ լքված գործարանի շենքում:

Ծանոթացեք, երեք մետրանոց անտրոպոմորֆ ռոբոտ Աշոտն է (որոշ գործերի հումորային անուններ է դնում): Վահրադ այն սկսել է սարքել ինքնամեկուսացման առաջին օրվանից, բայց դեռ չի ավարտել: Անելիք դեռ շատ կա:

Հումքը հիմնականում մետաղի ջարդոններ են, որը ձեռք է բերում ջարդոնի պահեստներից կամ աղբանոցներից: Դետալներն էլ իրար է կպցնում զոդելով:

Առաջին մինի բոտ Վալերիկն է: Վահրադը ասում է, որ շատերն են իրեն նմանեցնում այս ռոբոտին: Ամեն դեպքում` բոլոր համընկումները պատահական են:

Դետալները զոդելուց առաջ հատուկ կոշտ խոզանակով մաքրում է ժանգից:

Վահրադն իր ննջասենյակը վեր է ածել արվեստանոցի: Այնուհանդերձ, նրա սենյակի ամեն առարկա յուրօրինակ արվեստի գործ է` ճամպրուկից սարքած աշխատասեղանից մինչև հակագազից լուսամփոփ:

Կտավի դիմակով հերոսը Վահրադը մտածել էր կորոնավիրուսի համավարակից ամիսներ առաջ: Ով կմտածեր, որ երկու տարբեր իրականություններն ինչ-որ կետում կհատվեն:

Վահրադը հազվադեպ է իր գործերին վերնագիր դնում: Մեկ-մեկ հումորային վերնագրեր է հորինում: Այդպես` ձախ նկարը անվանել է` Yandex-ի շոֆեռը:

Վահրադը երբեք չի հարցնում` ով ինչպիսի սուրճ ես նախընտրում: Միշտ պատրաստում է իր ճաշակով:

Վահրադի դիմանկարը: Խոհանոցի պատուհանից նայում է ռոբոտ Աշոտին:
*Ընկերական շրջապատում Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրա անունը չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը նույնպես արձագանքում է։