Վարդագույն քարերի ու չարված պեղումների գյուղը․ Վարդաքար

Հուլիսի 16, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Մեզ հայտնի վարդագույն քաղաքը Երևանն է, իսկ վարդագույն գյո՞ւղը։ 

Վարդաքարը Շիրակի մարզի փոքր՝ մոտ 700 բնակչություն ունեցող գյուղերից է։ Ոչ շատ մեծ այս համայնքի երիտասարդ բնակիչներից Վարդուհի Ավետիսյանը հավաստիացնում է, որ համայնքում պեղումների շնորհիվ շատ հնություններ են գտնվել, շատ վայրեր էլ ուսումնասիրությունների ենթակա են։

Վարդաքարի «Սուրբ խաչ» եկեղեցին, 19-րդ դար։

Հենց այդ պեղումների միջոցով համայնքի լեռնային հատվածներում բազում վարդագույն քարեր են հայտնաբերվել, ու գյուղն այդպես իր անունն է ստացել՝ Վարդաքար։ 

«Ասում են՝ համայնքում տների տակ հին բնակատեղիներ ու թունելներ կան պահպանված»,- պատմում է պեղումներով տարված Վարդուհին՝ հավատացած, որ գյուղի պատմական նշանակության բացահայտումը Վարդաքարում զբոսաշրջության զարգացման նոր էջ կարող է բացել։ «Շատ կցանկանայի, որ մեր համայնքում պեղումներ անցկացվեին․ ով գիտի՝ հետաքրքիր վայրեր կարող են հայտնաբերվել»։ 

Վարդուհին ՔՈԱՖ-ի՝ անգլերենի «Աքսես» ծրագրի ուսանողներից է ու անգլերեն առաջին անգամ հենց ՔՈԱՖ-ի հետ է սկսել սովորել։ Համայնքի դպրոցում, որը վնասվել էր 1988-ի երկրաշարժից ու վերակառուցվել վերջին տարիներին, դասավանդվող օտար լեզուները գերմաներենն ու ռուսերենն են։ 

Լիանան ու Սեդրակը։

 

Ինչպես գրեթե բոլոր գյուղերում, Վարդաքարում նույնպես գործ միշտ կա, բայց զբաղմունքները այնքան էլ շատ չեն։ Բնակչությունը հիմնականում անասնապահությամբ ու հացահատիկների մշակմամբ է զբաղվում։

Իսկ համայնքի քիչ զբաղմունքներից մեկն ապահովում է մարզահրապարակը, որ կառուցվել է ՔՈԱՖ-ի աջակիցների շնորհիվ՝ Կարապետ Խաչատուր Սեմերջյանի հիշատակին։ Այն երիտասարդներին ակտիվ ժամանց ու առողջ կենսակերպ վարելու հնարավորություն է տալիս։ 

Չնայած գյուղում նշանակալի իրադարձություններ հաճախ տեղի չեն ունենում, համայնքի կարևոր նորություններից է վերջերս կայացած ծառատունկը։ Համայնքում գտնվող լճին մոտ անտառ է կառուցվում՝ հուսով, որ այն գյուղը «կանաչ ճանապարհով» կտանի։