Քաղաքից գյուղ միգրացիան

Մարտի 19, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

4 րոպե կարդալու համար

Աքաղաղի ուրախ «ծուղրուղուն» վաղ առավոտյան, թարմ օդը ու լռության ձայնը Հայաստանի գյուղական կյանքի մի քանի շքեղություններ են, որ հաճախ անծանոթ են քաղաքի բնակիչներին։

Ամբողջ կյանքում գյուղում ապրած ու քաղաքում բնակվել երազողներն էլ գուցե չգնահատեն դռան հետևը հարուստ բնություն ունենալու առավելությունը։

Քաղաքային կյանքը ձեզ համա՞ր է, հրաշալի է, բայց գյուղն իր «օրգանական» հաճույքներն ունի։ Ու եթե կան գյուղի կյանքն իրապես գնահատողներ, ապա նրանք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ծրագրավարներ Մեգին, Արան ու Լիզան են։ Ծնվել են Երևանում, բայց թողել են քաղաքն ու մեկնել Լոռի՝ Դսեղ՝ դասավանդելու ու զարգացնելու ՍՄԱՐԹ-ի երիտասարդներին։
Մեգի (Մարգարիտա) Ղուլինյանը չինարենի ծրագրավարն է։ Իր նախնիների արմատները հենց այնտեղից են, որտեղ հիմա ապրում է։ «Դեռ մանկուց երազում էի ռազմական վիրաբույժ դառնալ ու աշխատել սահմանամերձ գյուղերում,- խոստովանում է Մեգին։- Հետո ամուսնացա, ու միասին երեք տարով մեկնեցինք Շանհայ»։ Երբ վերադարձան Երևան, Մեգին համոզեց ամուսնուն, որ խառնաշփոթով ու մեքենաների աղմուկով լի քաղաքային կյանքից «երջանիկ փախուստ» կազմակերպեն։ Որոշումը հեշտ չէր․ ի վերջո տեղափոխվեցին՝ հույս ունենալով ապահովել իրենց չափանիշներով բարեկեցություն հենց իրենց նախընտրած միջավայրում։

Մեգի Ղուլինյանն ու ՍՄԱՐԹ-ի չինարենի ուսանողները

 

Խմելու ջուրն օրը միայն երեք ժամով են տալիս․ համաձայնեք, որ ամենացանկալի իրականությունը չէ։ Մեգիի նոր կյանքն այժմ այդպես է՝ առավոտյան ժամը 9-12-ը ստիպված և՛ ափսեներն է լվանում, և՛ տան մաքրությունն անում, և՛ լողանում։ Ինչևէ, հենց տնից դուրս է գալիս աշխատանքի, մոռանում է բոլոր դժվարությունների մասին՝ հիանալով բնության գեղատեսիլ պատկերներով։

«Մարդիկ մեդիտացիա են անում, գումար ծախսում թերապիաների վրա, իսկ այստեղ՝ գյուղում, այդ ամենն անվճար է տրվում,- ասում է Մեգին, ով թեև դասական գյուղացու պես չի ապրում, բայց վայելում է բնությանը մոտ լինելը։- Ամեն անգամ, երբ նորից հիանում եմ տեսարաններով, մտածում եմ, որ մարդիկ կերազեին տեսնել այն, ինչ ես եմ տեսնում»,- վստահ է Մեգին։ Թեև ընկերներից շատերը թերահավատորեն էին մոտենում գյուղ տեղափոխվելու իր որոշմանը, հիմա, երբ այցելում են իրեն, ուզում են ավելի ու ավելի երկար մնալ․․․

Մեկ այլ՝ արդեն հին ու փորձառու միգրանտ է Արա Հարությունյանը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մեխանիկայի ծրագրավարը։ Մինչև Լոռի տեղափոխվելն ապրել է Արցախի գյուղերից մեկում։ «Քաղաքաբնակներն «արհեստական» կյանք ունեն, մինչդեռ գյուղի բնակիչները բնական կենսակերպով են ապրում»,- հավաստիացնում է գյուղական կյանքի բազմամյա ջատագովը։

Արա Հարությունյանը Արցախում արշավելիս

 

«Կռունկները չվող թռչուններ են, ու այդ բացառիկ տեսարանին կարող ես հետևել միայն գյուղում։ Քաղաքում մենք չենք էլ նկատում նման բաները, իսկ գյուղացին կանխատեսում է եղանակը՝ հիմնվելով բնության իր ճանաչողության վրա»,- բացատրում է Արան՝ քաղաքի տղան, ով հիմա շատ լավ հասկանում է բնության փիլիսոփայությունը։ Քաղաքից դուրս կյանքը նրան սովորեցրել է լսել լռության ձայնն ու վայելել այն։

Լուսանկարը՝ Քրիստ Մարուքանի՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գործառնությունների ղեկավար

 

Դսեղում նա սենյակ է վարձակալում մի տարեց զույգի տանը, ում հարաբերություններն իր համար ներշնչքանքի աղբյուր են։ «Ամեն առավոտ արթնանում են, միասին գնում են գոմ՝ անասուններին կերակրելու, հետո փայտ են կոտրում ու միասին գործ անում խոհանոցում։ Նույնիսկ երբ լուռ են, իրենց լռությունը խոսուն է»,- հիացմունքով պատմում է նա։

Մայր բնությունը կարծես ֆանտաստիկ տեղ է Լիզա Եփրեմյանի պես երիտասարդ երաժշտի համար՝ ստեղծագործելու և կատարելագործվելու։ Դսեղ տեղափոխվելն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում որպես վոկալի ծրագրավար աշխատելը հետաքրքիր մարտահրավեր էր իր ու երևանաբնակ իր ընտանիքի համար։ «Գյուղի կյանքը երկու կամ երեք անգամ ավելի դժվար է, բայց ես ճկուն մարդ եմ, հարմարվել գիտեմ»,- բացատրում է Լիզան։

Լիզա Եփրեմյանը վոկալ դասավանդելիս

 

Նա շրջապատված է գնահատանքի արժանի բազմաթիվ երևույթներով, ու իր աշխատավայրն էլ դրանցից մեկն է։ «Գյուղի երեխաները պետք է սովորեն արհեստավարժ մասնագետներից։ Վստահ եմ ՝ մեծանալով ավելի կգնահատեն այն։ Ես հնարավոր ամեն ինչ անում եմ՝ զարգացնելու նրանց երաժշտական ճաշակը, ու ես էլ սովորում եմ իրենցից»,- ասում է Լիզան։ Նա սիրում է ժամանակ անցկացնել իր գործընկերների հետ, ում հետ կիսվում են նորություններով են ու հետաքրքիր պատմություններով։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը գարնանը։ Լուսանկարը՝ Քրիստ Մարուքյանի

Մեր ծրագրավարները նկարագրում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը՝ որպես այս տարածաշրջանի «ամենացանկալի աշխատավայր» ոչ միայն տեղացիների համար։ Մենք ձգտում ենք փոփոխություն բերել գյուղական համայնքներ և ուրախ ենք, որ մեր նորարարական կրթական կենտրոնը նպաստում է ապակենտրոնացմանն ու գովերգում Հայաստանի գյուղական կյանքի գեղեցկությունը։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր