Այցելուների կենտրոնից՝ մի բաժակ սուրճ ու լուրեր

Հունիսի 11, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Արդեն ամառ է։ Ու բոլորս սրտի թրթիռով ենք մտածում արձակուրդի մասին։

Ունեի՞ք արդեն ծրագրած ճամփորդություններ, որ ստիպված եք եղել չեղարկել։

2020-ի ամռանը՝ տուրիստական ամենաթեժ ժամանակահատվածում, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է։ Մենք էլ ստիպված ենք փոխել ծրագրերը։ Կորոնավիրուսային համավարակը գամել է մեզ տանը ու սոցիալական հեռավորության մատնել երկար ժամանակով։ Այլ երկրներ ճամփորդելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, և մենք նույնիսկ չգիտենք՝ երբ ապահով կլինի ճամփորդելը։

Բայց արի ու տես, որ ներգնա տուրիզմի համար չտեսնված ժամանակ է․ ճամփորդում ենք երկրով մեկ ու բացահայտում Հայաստանի հրաշալիքները։ Դե եթե Լոռի եք գալու, մենք ձեզ համար մշակված ծրագիր ունենք։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ այցելուների կենտրոնը, որ տեղակայված է M6 մայրուղու և H22 ճանապարհի հանգույցում, տուրիստների համար տեղեկատվական կանգառ է։ Այստեղ տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներին մանրամասներ են տրամադրվում Լոռու մարզի զբոսաշրջային հնարավոր բոլոր ոլորտների մասին՝ հյուրանոցներ, հյուրատներ, պատմամշակութային վայրեր, ռեստորաններ, սրճարաններ և այլն։

Գյուղերում բիզնես ու ժամանցային ծառայություններ առաջարկողներից ոչ բոլորը կայք կամ սոցիալական մեդիայում էջ ունեն, առավել ևս՝ ներկայացված չեն ամրագրման միջազգային հարթակներում, այլ կերպ՝ անմիջապես հասանելի չեն այցելուներին։ Հենց այստեղ էլ ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը հանգույց է դառնում, որտեղ ծառայություն մատուցողը մեծ սիրով մշակում ու թարմացնում է տեղեկատվությունը, կենտրոնն էլ ապահովում է դրա հասանելիությունը առցանց և հենց տեղում։

Այցելուների կենտրոնը Վանաձորը Վրաստանի սահմանին կապող կամուրջ է և ինչ-որ առումով՝ դարպաս զբոսաշրջիկների և մարզում ծառայություններ մատուցողների միջև։

Այն բառացիոներն վերալիցքավորման կետ է հեռախոսների, էլեկտրոմիբիլների համար, նաև թարմանալու հնարավորություն․ ձեր տրամադրության տակ են անհրաժեշտ տեղեկատվությունը, բանկոմատից կամ վճարման տերմինալներից օգտվելու հնարավորությունը և որակյալ սուրճի անուշաբույր գավաթը՝ մի կտոր թխվածքաբլիթով կամ շոկոլադով։

Վստահաբար շատ տարբեր սուրճեր եք փորձել, գուցե միշտ էլ նույնն եք խմել, բայց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի այցելուների կենտրոնի սուրճը հաստատ արժե վերցնել ձեզ հետ։ Ինչո՞ւ։ Դե, մեր սուրճը Caffè Vergnano Armenia-ից է՝ Երևանյան քաղաքային ռեստորան, որը հայտնի է քաղաքում իտալական լավագույն սուրճով։ Caffè Vergnano Armenia-ն ՔՈԱՖ-ի բարեկամն է, ու մենք մեծ ոգևորությամբ ենք մատուցում իրենց սուրճը Դեբետ գյուղում․ սա շրջակայքի միակ վայրն է, որտեղ կարելի է համտեսել այն։

Դե ի՞նչ, մեր այցելուների կենտրոնից կարող ես վերցնել օգտակար ինֆորմացիան, սուրճի քո բաժինը ու վայելել այն գեղատեսիլ Դեբետի սրտում։

Ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի պատճառով ամենատուժած ոլորտներից մեկը տուրիզմն է։ «Հայաստանում տուրիստական ծառայություններ մատուցողների համար դժվարին ժամանակներ են։ Մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք՝ փորձելով օգնել նրանց դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- բացատրում է այցելուների կենտրոնի աշխատակից Լիլիթ Ամիրաղյանը։

ՔՈԱՖ-ի այցելուների կենտրոնը բաց է տարին բոլոր՝ շաբաթը 7 օր՝ օրական 10 ժամ, հագեցած է արագ ինտերնետային կապով ու անվճար WiFi-ի հնարավորությամբ։

Կապ հաստատելու համար կարող եք գրել [email protected] հասցեով կամ զանգահարել +37460705007 հեռախոսահամարով։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր