Կատարելագործվելով ՔՈԱՖ-ի հետ միասին․ Ժակ Սրապյան

Օգոստոսի 9, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Արագածավանի #2 գյուղական դպրոցի դահլիճում ենք, որ վերանորոգվել է 2016 թվականին։ Ժակ Սրապյանը ՔՈԱՖ-ի շրջանավարտ է։ Հիմնանորոգված դահլիճի բեմում խաղացել է Օսկար Ուայլդի «Ինֆանտայի ծննդյան օրը» պիեսում․ հենց նա է մեզ ուղեկցում դպրոցում շրջելիս ու մի տեսակ կարոտով է նայում դպրոցի պատերին, որոնք պահում են իր դպրոցական կյանքի ամբողջ պատմությունը։

Պատկերը նույնն է։ Տարիներ են անցել։

2014. Ժակ Սրապյանը Արագածավանի #2 դպրոցի դահլիճում՝ մինչ ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգվելը։

2020. Ժակը Արագածավանի #2 դպրոցի վերանորոգված դահլիճում։

Ժակի ՔՈԱՖ-յան ուղին սկսվել է «Իմ թատրոնը» ծրագրի շրջանակներում։ «Գարնանային մի գեղեցիկ օր իմացա, որ ՔՈԱՖ-ը մեր համայնքում մեկնարկում է «Իմ թատրոնը» կոչվող ծրագիրը (ներառական թատերաթերապիա),- մտաբերում է նա։- Ներառական թատրոնի առաջին հանդիպումը մի քանի օրից էր լինելու, բայց ես արդեն շատ անհամբեր էի ու նույնիսկ գիշերները չէի կարողանում քնել։ Մի բան հստակ եմ հիշում․ ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում «ներառական» թատրոնը»։

Թատերախմբում ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, ովքեր այլ կերպ հնարավորություն չէին ունենալու սոցիալական շփում պահելու իրենց տարեկիցների հետ, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, դառնալու ինքնավստահ, միայնակ հանդես գալու բեմին։ «Բազմաթիվ ընկերներ ձեռք բերեցի թատերախմբում ու սկսեցի հասկանալ, որ ամեն մեկս էլ յուրովի առանձնահատուկ ենք»,- ասում է Ժակն ու վստահեցնում, որ ծրագրի շնորհիվ ընդլայնվել է իր ու իր ընկերների մտահորիզոնը։ Ամեն մեկն իր համար վերաիմաստավորել է ներառականության ու բազմազանության ընկալումները։

Հայաստանի ֆրանսիական քոլեջի երկրորդ կուրսեցի Ժակը հաճախ է հետադարձ հայացք նետում՝ երախտագիտությամբ արժևորելով անգլերենի «Աքսեսի» տված գիտելիքներն ու ստեղծարար գրի «Bloom» ծրագրով գրավոր խոսքը հղկելու հնարավորությունը։ «Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ով կդառնայի ես, եթե չլիներ ՔՈԱՖ-ը»,- համեստորեն խոստովանում է նա։

Ժակը սովորել է տեսնել կյանքի գեղեցկությունն ու դրվագել այն լուսանկարչական ապարատով։ «Սիրում եմ նկարել, փոքր ժամանակ շատ էի նկարում։ Նկարներս աբստրակտ երևակայությանս արգասիք էին՝ մկան գլխով ավտոմեքենա, թռչող փիղ և այլն։ Հիմա էլ տարվել եմ լուսանկարչությամբ»,- պատմում է մայրամուտների սիրահարը․ հաճախ շատ վաղ է արթնանում, որ անմահացնի իր գյուղի հրաշալի արևածագն ու մայրամուտը։

Ժակը հաճախ է մտածում Արագածավանի առաջընթացի մասին ու հասկանում է, որ ՔՈԱՖ-ը միայնակ չի կարողանա անել դա։ «Թեև քոլեջս Երևանում է, ու շատ եմ սիրում քաղաքի կյանքը, բայց ոչինչ չեմ փոխի գյուղի մեր տան ետնաբակում՝ խաղաղության ու կանաչների մեջ գիրք կարդալու իրաղության հետ»,- խոստովանում է ժակը, ում ամենասիրելի գիրքը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություննն» է։

ՔՈԱՖ-ի արժանի շրջանավարտը հիմա բազում փորձարկումների փուլում է՝ նոր մասնագիտություն, հոբբիներ, ապագա բիզնես պլաններ, որ գտնի իր ճանապարհը։ «Մի բան հաստատ է․ հենց որ ֆինանսապես անկախ լինեմ, ներդրում եմ անելու ՔՈԱՖ-ի գործում, քանի որ հստակ գիտեմ նրա ծրագրերի իրական ազդեցությունը»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր