ՄԱՆԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Ամեն երեխայի հնարավորություն է ընձեռնվում վաղ հասակում լավագույն ձևով կյանքն սկսել՝  դրական միջամտություններով, որոնք զարգացնում են նրա սոցիալական, ֆիզիկական, զգացմունքային և բանական կարողությունները

Ամեն երեխայի հնարավորություն է ընձեռնվում վաղ հասակում լավագույն ձևով կյանքն սկսել՝  դրական միջամտություններով, որոնք զարգացնում են նրա սոցիալական, ֆիզիկական, զգացմունքային և բանական կարողությունները: Վաղ մանկությունը վճռական նշանակություն ունի ճանաչողական, սոցիալական, զգացմունքային և ֆիզիկական զարգացման համար: Առաջին տարիներին երեխայի ուղեղն արձագանքում է փոփոխություններին ու զարգացմանը: Այդ տարիքում ոչ անվտանգ միջավայրը, բացասական փորձն ու հոգատարության բացակայությունը կարող են հանգեցնել ցկյանս հետևանքների: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ մինչև 5 տարեկան ավելի քան 200 միլիոն երեխա չի կարողանում ամբողջությամբ իրացնել զարգացման իր ներուժը, քանի որ չունի վաղ մանկության դրական կենսափորձ: Հայաստանում երեխաների 70%-ն ընդգրկված չէ նախադպրոցական կրթության ոլորտում: ՔՈԱՖ-ը հետամուտ է երեխաների համակողմանի զարգացման՝ առողջ դաստիարակության միջավայրի, ուժեղ կողմերի ակտիվացման և թույլ կողմերի ուժեղացման ճանապարհով, ներառելով նաև միջառարկայական ծրագրերը, ինչպիսիք են երաժշտությունը, թատրոնը, խաղերն ու ֆիզիկական կուլտուրան: 

Ամեն երեխա ունի զարգացման իր անհատական պլանը, որն իրացվում է անհատական ու խմբային պարապմունքներով: Այս գործընթացին ևս մենք ներգրավում ենք ծնողներին՝ տեղեկացվածության բարձրացման, ըստ անհրաժեշտության՝ ուսուցողական սեմինարների և  1: 1 ձևաչափով կանոնավոր հանդիպումների միջոցով: ՔՈԱՖ-ի մանկան զարգացման անկյունը նախատեսված է 3-ից 6 տարեկան երեխաների համար:  2013 թ.-ից մինչ այժմ 600-ից ավելի երեխաներ են այցելել ՔՈԱՖ-ի մանկան զարգացման կենտրոններ: Նրանց մեջ կուտակվել է վաղ մանկության դրական փորձ և մշակվել է որակների ու հմտությունների լայն սպեկտր ողջ կյանքի համար: