ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

Գյուղաբնակ ամեն երեխա կարող է լիարժեք իրացնել իր ներուժը՝ հաղթահարելով իր անհատական դժվարությունները թատերական հարթակի շնորհիվ, որտեղ պատմում են իրենց պատմությունն ու հասնում կատարսիսի՝ ներդաշնակության

Բարձր ինքնագնահատականը, սոցիալական փոխազդեցությունը, հույզերը հասկանալը և արտահայտելը մեծապես ազդում են կյանքի ընդհանուր որակի վրա: Երեխաները հաճախ զուրկ են այս հատկություններից և կարողություններից՝ կախված տարբեր հանգամանքներից: Որոշ խնդիրներ անտեսվում են, համարվում «աննշան» կամ «ոչ լուրջ»: Վաղ տարիքում դա անտեսելը կարող է հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել: Նման խնդրիները շատ ավելի լուրջ են ու խորը սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխանրի շրջանում։ ՔՈԱՖ-ի դիտարկմամբ՝ դասարանում ամեն երրորդ երեխան նման բարդությունների է առերեսվել։ ՔՈԱՖ-ի թատերական թերապիան 9-14 տարեկան երեխաների համար է․ այն անդրադառնում է ցածր գնահատականի, վախերի, ֆիզիկական և մտավոր խանգարումների, սոցիալական հաղորդակցության բացակայության, անբարենպաստ կամ խոցելի ընտանիքների խնդիրներին։ Մեր տրամադրած թատերական հարթակը թույլ է տալիս երեխաներին ինքնարտահայտվել, դրսևորել իրենց զգացումները, նպաստում է տրամադրության, ընկալումների դրական փոփոխություններին ու կարեկցանքի զգացումի ձևավորմանը։

Թերապիան անցկացվում է շաբաթը երկու անգամ դպրոցականների 15-20- հոգանոց խմբերի համար ամեն գյուղում։ Կիսամյակն ամփոփվում է թատերական ներկայացմամբ, ուսանողները նաև մասնակցում են սցենարների մշակմանը։ 2012 թ․-ից 235 ուսանող հնարավորություն է ստացել հաղթահարելու տարբեր անհատական դժվարություններ, կարողացել է ճանաչել իր էությունը ու ինքնավստահություն է ձեռք բերել։ Նրանք ինքնարտահայտվել են տարբեր բեմերում ու ավելի քան 50 բացառիկ ներկայացումներ են տվել։