Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի հատապտուղների այգու անմիջապես կողքին շուտով լավանդա կաճի։ Այս տարվա մայիսին մեր ագրոտեխնոլոգիա ծրագրի ուսանողների հետ միասին լավանդայի՝ 800 քմ տարածք զբաղեցնող ուսումնացուցադրողական այգի տնկեցինք։

Լավանդայի այգին ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիա ծրագրի ընդլայնման կարևոր նախաձեռնություններից է և մեր հեռանկարային վերջին համալրումներից մեկը։ Այն կծառայի որպես ուսումնացուցադրողական հարթակ մեր ուսանողների համար, միաժամանակ կխթանի նաև ՔՈԱՖ-ի սեփական արտադրանքի մշակումը՝ դառնալով կայուն եկամտի նոր աղբյուր ՍՄԱՐԹ-ի կրթական ծրագրերիաջակցման համար։

Ահա և ևս մեկ հրաշալի առիթ՝ այցելելու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան և ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոց։

Ինչո՞ւ հենց լավանդա

Լավանդան դիմացկուն և բարձրարժեք մշակաբույս է, որը հարմարեցված է Լոռու արևաշատ ու չոր ամառներին։ Այն քիչ ջուր է պահանջում, գրեթե չի ենթարկվում վնասատուների հարձակումներին, և միաժամանակ կրթական, բնապահպանական, տնտեսական ու գեղագիտական արժեք է կրում։

ՔՈԱՖ-ի թիմը լավանդայի երկու տեսակ է ընտրել՝ «լավանդուլա անգուստիֆոլիա» և «լավանդուլա x ինտերմեդիա», որպեսզի փորձարկի, թե որն է ավելի լավ աճում Լոռու միկրոկլիմայում։ Այգու շնորհիվ ՍՄԱՐԹ-ի ագրոտեխնոլոգիա ծրագրի ուսանողները կուսումնասիրեն բույսերի աճի փուլերը, կփորձարկեն մշակման տարբեր տեխնիկաներ, և կհավաքեն ծաղիկները՝ փոքրածավալ արտադրանք ստեղծելու նպատակով։

Գործնական ուսուցում

ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների համար լավանդայի այգին արդեն դարձել է գործնական ուսուցման սիրելի հարթակ։ Այստեղ նրանք կիրառում են կայուն գյուղատնտեսության սկզբունքները, ձեռք են բերում փորձ, ինչպես նաև նախապատրաստվում ապագա ագրոձեռնարկատիրական նախաձեռնություններին։

Ուսուցման ընթացքում մենք նախատեսում ենք ուսանողներին ծանոթացնել նաև լավանդայի արտադրական հնարավորություններին (ինչպե՞ս մշակաբույսերից եթերայուղեր, չորացրած փնջեր, օճառներ և այլ բնական արտադրանք ստանալ)։

Լավանդան՝ որպես կայուն եկամտի աղբյուր

Լավանդայի այգու մշակումը Լոռու մարզում կայուն եկամուտ ստեղծելու ջանքերի մաս է և ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական հնարավորությունների ընդլայնմանը, քանի որ նախատեսվում է լավանդայի հումքով արտադրանք ստեղծել (եթերայուղեր, օճառներ և այլն) և դրա վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղել ՍՄԱՐԹ նախաձեռնություններին։ Սա ևս մեկ կարևոր քալ էր Հայաստանի գյուղական համայնքները հզոր ու նորարար դարձնելու ճանապարհին։

Ծաղկող լավանդան՝ աճի ու զարգացման խորհրդանիշ

Լավանդայի այգին ավելին է, քան պարզապես գեղագիտական հաճույք։ Այն ներդրում է կրթության կայունացման և գյուղական ձեռնարկատիրության զարգացման մեջ։

Մշակաբույսը նախատեսվում է հավաքել աշնանը, ինչից հետո կսկսվի արտադրական գործընթացն ու վաճառքը։

Երբ հաջորդ անգամ այցելեք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան կամ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոց, մի՛ մոռացեք վայելել նաև նոր լավանդայի այգին՝ իր գեղեցկությամբ ու անուշ բույրով։