ՔՈԱՖ-ի կողմից կառուցված Դսեղի առողջության կենտրոնը, որը նախատիպ է համապետական բարեփոխման համար, ապացուցում է, որ որակյալ առաջնային բուժօգնությունը կարող է կյանքեր փրկել և ձևավորել Հայաստանի առողջապահության ապագան։
Դսեղի առաջնային բուժօգնության պիլոտային ծրագիրը խթանում է Հայաստանում առողջապահական բարեփոխումները:
ՔՈԱՖ-ը՝ համատեղ ՀՀ Առողջապահության նախարարության, պիլոտային ծրագրի շրջանակում Դսեղի առողջության կենտրոնում ներդնում է միջազգային լավագույն փորձը՝ հետագայում այն ողջ հանրապետության առողջապահական համակարգում տարածելու հեռանկարով։ Միայն մեկ տարվա ընթացքում այս կենտրոնը ցույց է տվել, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից, բուժառուակենտրոն առաջնային բուժօգնությունը Հայաստանում և այդ ջանքերն արդեն ձևավորում են ազգային քաղաքականություն:
Նախաձեռնության հիմքում Հայաստանում կանխարգելելի մահացության հիմնական պատճառների վերացումն է և այս համատեքստում նախարարության ու ՔՈԱՖ-ի գործընկերությունը կարևոր ուղենիշ է։ Սա առողջապահական համակարգի ամրապնդման և երկարաժամկետ ազդեցության առանցքային քայլերից է:
Մարտահրավերը. Հայաստանի կանխարգելելի մահացության առաջատար պատճառների հասցեագրում
Սրտանոթային հիվանդությունները կազմում են կանխարգելելի մահվան մինչև 50%-ը Հայաստանում, իսկ գերճնշումն ու շաքարային դիաբետը հիմնական նպաստող գործոններն են։ Այս հիվանդությունները կրճատում են կյանքի տևողությունը և խաթարում կյանքի որակը, սակայն դա հնարավոր է կանխարգելել։
Դսեղում ներդրված միջազգային փորձը կարող է փոխել այս ցավալի իրականությունը (սրտի կաթված, ինստուլտ և այլն) շատ ու շատ ընտանիքների համար։
Դսեղի առողջության կենտրոնը՝ ազգային փոփոխությունների հարթակ
ՔՈԱՖ-ի կողմից կառուցված Դսեղի առողջության կենտրոնը գործում է որպես պետական կառավարման տակ գտնվող հանրային ամբուլատորիա, սակայն այստեղ ամեն ինչ դասական ձևով չէ։ Առաջնային բուժօգնության կարևոր ծառայությունները մատուցվում են ՔՈԱՖ-ի առողջապահական թիմի անմիջական աջակցությամբ՝ այս կենտրոնը դարձնելով փորձադաշտ գյուղական համայնքներում միջազգային ստանդարտների ներդրման համար։
Ծրագիրն առաջնորդում է դոկտոր Լորքի Լիբարիդյանը՝ Եյլի համալսարանի շրջանավարտ, կրկնակի հավաստագրված բժիշկ ներքին հիվանդությունների և մանկաբուժության գծով, ով նախկինում եղել է Քեմբրիջի առողջապահական դաշինքի առաջնային խնամքի արդյունավետության առողջապահական գծով տնօրեն և դասավանդել է Հարվարդի բժշկական դպրոցում:
Դսեղում այս պիլոտային ծրագիրն իրագործվում է ՀՀ Առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի, Պետական Առողջապահական Գործակալության, Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի, ՔՈԱՖ-ի և տեղի բուժանձնակազմի համագործակցության շնորհիվ։
ՔՈԱՖ-ի փորձագետները աջակցում են տեղի բժիշկներին և բուժքույրերին՝ ապահովելու այնպիսի բուժօգնություն, որին արժանի է յուրաքանչյուր ընտանիք Հայաստանում։
Մոտեցումը՝ համապարփակ, տվյալահեն և բուժառուակենտրոն
«Հայաստանում առողջապահության մասին ամենաթյուր պատկերացումներից մեկն այն է, թե հիմնական բացերը կապված են թանկարժեք, բարձր տեխնոլոգիական սարքավորումների բացակայության հետ»,- նշում է դոկտոր Լիբարիդյանը։
Հայաստանի բազմաթիվ առողջության կենտրոններում և հիվանդանոցներում մարդկային կյանքի փրկության խոչընդոտները հաճախ հիմնարար բնույթ ունեն։ «Երբ Հայաստանում կանխարգելելի մահերի գրեթե կեսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, մեզ անհրաժեշտ չէ ՄՌՏ (մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա) կամ բարդ թեստեր՝ մահերի կանխարգելման համար։ Մեզ պետք են բժիշկներ ու բուժքույրեր, ովքեր կաշխատեն հիվանդների հետ, կիրականացնեն համապատասխան խորհրդատվություն, վաղ փուլում կհայտնաբերեն հիվանդությունները և կհետազոտեն ու կբուժեն՝ պարզ արյան ու մեզի վերլուծություններով, ինչպես նաև արյան բարձր ճնշման և խոլեստերինի դեմ դեղամիջոցներով»,-ասում է նա՝ հավելելով,-«Եվ մեզ անհրաժեշտ են տվյալների համակարգեր, որոնք թույլ կտան հետևել մեր արդյունքներին, պարզել՝ ովքեր են կարիք ունենում լրացուցիչ խնամքի, և գնահատել համակարգի կատարելագործման հնարավորությունները։ Դա հենց այն է, ինչ մենք անում ենք Դսեղում»։
Պիլոտային ծրագիրը նպատակ ունի առաջնահերթություն տալ բուժառուի կարիքներին ու նախապատվություններին։ Առողջության կենտրոնում իրականացվող ինտեգրված խնամքը ներառում է նաև սոցիալական աշխատողի և հոգեբանի աջակցություն՝ ապահովելով բուժառուի բարեկեցության ամբողջական դիտարկումը։
Այսօր Դսեղում նախնական արդյունքները հստակ են՝ բուժառուներն այստեղ ստանում են հիմնովին այլ, որակյալ առողջապահական ծառայություններ՝ մյուս մարզային բուժհաստատությունների համեմատ։
Մեծահասակների այցելությունների քանակն աճել է 35%-ով
2024 թ. գարնան տվյալներով առողջության կենտրոն այցելում էր ամսական 305–315 բուժառու։ 2025 թ. գարնան տվյալներով բուժառուների այցելությունների թիվն աճել է ամսական մինչև 450 և ավելի։ Այս աճը վստահության բարձրացման և բուժառուների ու բժիշկների հետևողական համագործակցության մասին է՝ խրոնիկ հիվանդությունների կառավարման հարցում։
ՔՈԱՖ-ի և Առողջապահության նախարարության համատեղ պիլոտային ծրագրի շնորհիվ առողջապահությունը Դսեղում այժմ բուժառուակենտրոն է։
Կրիտիկական հետազոտությունները դարձել են հասանելի և կանոնավոր
Հետազոտությունները, որոնք նախկինում հասանելի չէին, այժմ Դսեղում կատարվում են ամեն օր։ Դրանք չափազանց կարևոր են՝ բուժառուների և բժիշկների համար ճիշտ որոշումներ կայացնելու և հնարավորինս բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար։
- Լիպիդային պրոֆիլի թեստավորում | Սրտանոթային ռիսկի գնահատման կարևոր բաղադրիչ է։
- Էլեկտրոլիտների և երիկամների գործառույթի թեստ | Օգնում է շաքարային դիաբետ և գերճնշում ունեցող հիվանդների համար դեղամիջոցների նշանակմանն ու երիկամների վիճակի մշտադիտարկմանը:
- HbA1c | Շաքարային դիաբետի վերահսկման «ոսկե ստանդարտ» համարվող ցուցանիշ:
- Դիաբետիկ ռետինոպաթիայի զննումներ | Դիաբետիկ ռետինոպաթիայի զննումներ
- Դիաբետիկ ոտնաթաթի զննում (Միկրոֆիլամենտ) | EՕգնում է նյարդաբանական վնասվածքների վաղ հայտնաբերմանը, որոնք կարող են հանգեցնել խոցերի, վարակների և անդամահատումների։
Խթանելով առողջապահությունը՝ իրական տվյալներով
Նախկինում համակարգում նշվում էին ընդամենը ամփոփ կոդեր (օր.՝ «զննումը կատարված է, նորմալ է»)։ Այժմ առաջին անգամ համակարգում ներմուծվում են իրական կլինիկական ցուցանիշներ՝
- Արյան ճնշման կոնկրետ տվյալներ
- Գլյուկոզի մակարդակի կոնկրետ տվյալներ
- HbA1c արդյունքներ
Մոտավոր տվյալներից անցումը դեպի լիարժեք ու գործնական ցուցանիշներ, հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ու անհատականացված խնամքի և դառնում է տվյալահեն ազգային առողջապահական ռազմավարության հիմք։
Բուժման հասանելիության ընդլայնում
Անվճար զննումների ու դեղորայքի հասանելիության շնորհիվ հիվանդությունների բուժումը հնարավոր է դարձրել շատերի համար: 2024 թվականի գարնանից մինչև 2025 թվականի գարուն:
- Խոլեստերինի նվազեցման համար ստատին դեղամիջոցների նշանակումների քանակն աճել է ամսական 3–4-ից մինչև 87–90։
- Արյան ճնշման դեղամիջոցների նշանակումների քանակն ամսական ~40-ից աճել է մինչև 250–280։
Խրոնիկ հիվանդությունների կառավարման խոստումնալից արդյունքները
A1c մակարդակներն առաջին անգամ գրանցվում են և կայուն կերպով բարելավվում
Մինչ ՔՈԱՖ-ի կողմից պիլոտային ծրագրի ներդրումը, HbA1c թեստը բուժառուների մեծամասնության համար հասանելի չէր։ Անգամ մեկ տասնամյակ շարունակ շաքարային դիաբետ ունեցախ բուժառուները երբեք չէին անցել այդ զննումը։ Այժմ Դսեղի առողջության կենտրոնում այն հասանելի է շաքարային դիաբետ ունեցող բոլոր բուժառուների համար և նպաստում է ավելի ճշգրիտ որոշումների կայացմանը։
Գործողության մղող տվյալներ
ԱրՄեդ-ի հետ համագործակցության շնորհիվ՝ իրական ժամանակի հաշվետվություններն օգնում են բժիշկներին հետևել միտումներին, արձագանքել ավելի արդյունավետ՝ հզորացնելով սրտանոթային առողջության բարելավման մեխանիզմները։
Եզրակացություն | Աճող ներգրավվածության, բարելավված ախտորոշման և տվյալահեն խնամքի շնորհիվ Դսեղի պիլոտային ծրագիրն արդեն ապահովում է առողջապահության այնպիսի բարելավումներ, որոնց կարիքը Հայաստանը վաղուց ունի՝ դառնալով կյանքեր փրկելուն ուղղված փոփոխության սկիզբ։