Զարգացնելով գյուղական առողջապահության ոլորտը. Դսեղում բացվեց նոր առողջության կենտրոն

Ոգեշնչող նորություններ Լոռու Դսեղ գյուղից. հուլիսի 15-ին պաշտոնապես բացվեցին ՔՈԱՖ-ի կողմից կառուցված առողջության կենտրոնի դռները։ Սա կարևոր նշաձող է, որն ընդգծում է հիմնադրամի շարունակական հանձնառությունը՝ բարելավելու առողջապահության ոլորտը Հայաստանի գյուղական համայնքներում։

Բացման արարողության միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, կառավարության, Դսեղի և հարակից համայնքների ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Դսեղի առողջության կենտրոնում ՔՈԱՖ-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ, իրականացնելու է առողջության առաջնային օղակի բարեփոխման պիլոտային ծրագիր, որի նպատակն է գյուղական համայնքների բնակչության համար ապահովել բարձրորակ, ծախսարդյունավետ առաջնային բուժօգնություն, բարելավել բնակչության առողջության արդյունքները, ստեղծել Հայաստանում գյուղական առողջապահական ծառայության կայուն և վերարտադրելի մոդել։

Իրադարձության սկիզբն ազդարարվեց պաշտոնական ելույթներով և ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենի ուղերձի ընթերցմամբ, ապա տեղի ունեցավ ժապավենի կտրման արարողությունը, և հյուրերը հնարավորություն ունեցան շրջայց կատարել կենտրոնի տարածքով։ ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն իր ելույթում ընդգծեց այն առանցքային դերը, որն այս կենտրոնն ունենալու է Հայաստանի առողջապահության ոլորտում: Նա ներկաներին հիշեցրեց, թե ՔՈԱՖ-ն իր 20-ամյա գործունեության ընթացքում որքան է կարևորել առողջապահության համակարգի բարելավումը և համայնքներում իրականացրել առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման ծրագրեր, վերակառուցել ենթակառուցվածքներ, վերապատրաստել մասնագետների։ Դսեղի առողջության կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել է 2021-ի համաճարակի օրոք և, ինչպես Լիանան նշեց իր խոսքում՝ «մենք հույս ունենք՝ բոլորն առողջացած դուրս կգան այստեղից»:

Դսեղի առողջության կենտրոնում առկա է ժամանակակից լաբորատորիա, հարմարավետ խորհրդատվական և շտապ բուժօգնության սենյակներ, սպասասրահ, ինչպես նաև ատամնաբուժական առանձին մասնաշենք։ Այն նախատեսում է սպասարկել Դսեղի և հարակից գյուղական 6 համայնքի շուրջ 4,000 բնակչի։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորեց բնակիչներին և շնորհակալություն հայտնեց Առողջապահության նախարարությանն ու ՔՈԱՖ-ին այս կարևոր նախագծի համար՝ նշելով, որ կենտրոնը զգալիորեն կնպաստի համայնքում առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին շնորհավորեց դսեղցիներին և նշեց, որ այս առողջության կենտրոնն արդյունավետ համագործակցության արդյունք է:

Մենք աներևակայելիորեն հպարտ ենք այս ձեռքբերմամբ և անհամբեր սպասում ենք այն դրական ազդեցությանը, որը Դսեղի առողջության կենտրոնը բերելու է իր հետ: Սա միայն սկիզբն է, մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ բարելավելու առողջապահության, կրթության և համայնքային զարգացման ուղղությունները:

Հետևեք ՔՈԱՖ-ի թարմացումներին և, եթե ուզում եք այս փոխակերպող ճամփորդության մաս կազմել, կատարեք նվիրաբերություն այսօր։

Վերջին հրապարակումները

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org