ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Առաջադիմական և նորարարական ֆիզիկական միջավայր

Ենթակառուցվածքային զարգացումը կարևոր է Հայաստանի գյուղերի տնտեսական աճի խթանման և աղքատության նվազեցման համար։ ՔՈԱՖ-ը ձգտում է վերափոխել գյուղերում գոյություն ունեցող կառույցները շնորհիվ նորարար լուծումների, շրջակա միջավայրի բարելավման ու առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքային բաղադրիչների հասանելիության՝ ջուր, ջեռուցում, էլեկտրականություն։ Մենք նախատեսում ենք, որ վերափոխված օբյեկտները կունենան համընդհանուր դիզայն, վերականգնվող էներգիա ու տեխնոլոգիապես հագեցած կլինեն։ ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային ծրագրերը հիմնված են մեր կրթական, առողջապահական և բիզնես զարգացման ծրագրերի, ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայությունների վրա։ Հաճախ այս ծրագրերի բաղադրիչը լինելով՝ ենթակառուցվածքային նախագծերը ամբողջացնում են ծրագրերի երկարաժամկետ ազդեցությունը, քանի որ վերափոոխում են միջավայրը, նոր հեռանկարներ բերում ու մտածելակերպ մշակում, խթանում են ստեղծագործականությունն ու նոր կենսակերպի ձևավորումը։

Որպես պատկերավոր օրինակ՝ դիտարկենք ՔՈԱՖ-ի ատամնակայանները (հոսող ջուր ունեցող լվացարաններ, որ տեղադրված են դպրոցական ճաշարաններին կից), ուտելուց առաջ ձեռքերը, իսկ ուտելուց հետո՝ նաև ատամները լվանալու կենսական սովորույթ են ձևավորում, իսկ նորոգված, մաքուր ու լուսավոր դպրոցական ճաշարանները երեխաների համար դառնում են առողջ սննդի ու հիգիենայի ցուցիչ։ 

2004 թվականից ՔՈԱՖ-ը վերանորոգել է 170 ենթակառուցվածքային միավոր, այդ թվում՝ 12 դպրոց, 20 բուժհաստատություն, 3 մանկապարտեզ, 10 ստեղծագործարան, 8 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակ, 21 խաղահրապարակ ու մարզահրապարակ և այլն։