ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Որո՞նք են ՔՈԱՖ-ի շահառու համայնքները

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն աշխատում է բացառապես գյուղական համայնքներում։ Մինչ օրս Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք Շիրակ, Տավուշ, 64 համայնքներ հանդիսացել են ՔՈԱՖ-ի շահառու։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երիտասարդները Լոռու մարզի 25 գյուղական և 2 քաղաքային համայնքից են՝ Վանաձոր և Ալավերդի։

Կարո՞ղ եմ մասնակցել ՔՈԱՖ դպրոցի ծրագրերին

Կրթական արտադպրոցական ծրագրեր իրագործում ենք Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Հացիկ, Շենիկ, Գետաշեն, Վանանդ և Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան գյուղերի մեր շահառու դպրոցներում։ 

Դրանց մասնակցությունը բաց է։ Ամեն երկու տարին մեկ հայտարարվում են խմբերի համալրումների մասին, նախապես տրվում են չափորոշիչները՝ տարիք, հետաքրքրություններ, մասնակցության պայմաններ։
ՔՈԱՖ-ի բոլոր ծրագրերն անվճար են։ 

Կարո՞ղ եմ ՔՈԱՖ-ում կամավոր լինել

Եթե ցանկանում եք կամավորական աշխատանքով ձեր մասնագիտությամբ կամ հմտություններով օգտակար լինել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը, ապա կարող եք լրացնել հայտաձևը՝ կցելով ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) և ուղեկցող նամակը՝ հիմնավորելով ձեր հետաքրքրությունն ու մասնակցության հեռանկարները։ 

Ես, որպես ՔՈԱՖ-ի շրջանավարտ, ի՞նչ ծրագրերի կարող եմ մասնակցել

Մենք խրախուսում ենք մեր շրջանավարտներին դիմելու բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթություն ստանալու և կարիերա կառուցելու։ 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ համատեղ տարիներ շարունակ ՔՈԱՖ-ն իրականացնում է բուհերում սովորող մարզաբնակ ուսանողներին ուղղված «Կրթաթոշակների ծրագիր»: 

Ի լրումն ֆինանսական աջակցության՝ մշակվել է կարիերայի զարգացման փաթեթ, որը ներառում է  պրակտիկա, մենթորություն և աշխատանքային հմտությունների զարգացման դասընթացներ: Ծրագրի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ և մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերից որևէ մեկին կարո՞ղ եմ գրանցվել

Ներկայումս Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն են հաճախում ՍՄԱՐԹ ավանին հարող 25 գյուղական և 2 քաղաքային համայնքի՝  Վանաձորի և Ալավերդու երիտասարդները։ 

ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի շրջանակներում ծրագրային ամեն շրջափուլից առաջ համալրման մասին հայտարարվում է ՔՈԱՖ-ի կայքում և սոցիալական մեդիայի էջերում։ 

Ուշադիր կարդալով ընդունելության չափորոշիչները՝ տարիք, համայնք, համապատասխանող յուրաքանչյուրը կարող է լրացնել հայտաձևն ու ընդգրկվել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգում։ 

Ի՞նչ արժե ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախելը

ՔՈԱՖ-ի բոլոր ծրագրերը՝ կրթական, առողջապահական, տնտեսական, երեխայի և ընտանիքի ծառայություններ, ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգ, անվճար են։

Ամառային ծրագրեր ունե՞ք

Ամռան ամիսներին մեր կանոնավոր կրթական ծրագրերը (ՔՈԱՖ դպրոց և ՍՄԱՐԹ) դադարում են, փոխարենը կազմակերպում ենք ամառային ճամբարներ թե՛ շահառու, թե՛ ոչ շահառու համայնքների պատանիների ու երիտասարդների համար։

Կարո՞ղ եմ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում դասընթաց վարել

«ՍՄԱՐԹ քաղաքացի» կրթակարգի շրջանակներում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի ուսանողները հնարավորություն ունեն իրենց ծրագրերից դուրս՝ ունկնդրելու իրենց ոլորտին առնչվող հետաքրքիր բանախոսների։
«ՍՄԱՐԹամեջ» կոչվող հանդիպումների շարքը հարթակ է իրենց բնագավառում լուրջ հաջողությունների հասած և երիտասարդներին մոտիվացիա հաղորդող մասնագետների համար՝ ներկայացնելու իրենց մասնագիտական ճանապարհն ու խոսելու հաջողության բանաձևից։ 

Կարո՞ղ եմ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն այցելել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կարելի է այցելել ինչպես անհատներին, այնպես էլ խմբերին։ Պետք է նախապես զանգահարել +374 60 70 50 70 հեռախոսահամարով և պայմանավորվել այցի օրվա, ժամի, այցելուների քանակի մասին։ 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանն ընդլայնվելո՞ւ է

Այս պահին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում գործում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, այցելուների կենտրոնը, «Կոնցեպտ» հյուրանոցը և ազնվամորու մշակման ուսումնափորձարարական այգի։ 

Ընթացքի մեջ են Համաժողովների կենտրոնի շինարարությունը, որ շահագործման կհանձնվի 2021 թ․, և սպորտային համալիրի նախագծումը։

Իսկ մեր մարզում կլինի՞ ՍՄԱՐԹ կենտրոն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնության տեսլականն ու նպատակն է գյուղական զարգացման մոդել դառնալը։ Մեր ջանքերն ուղղված են նրան, որ Լոռիում մեկնարկած ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ձևաչափը կրկնօրինակվի Հայաստանի բոլոր մարզերում՝ զարգացման, նոր գիտելիքների ու հնարավորությունների հորիզոններ բացելով Հայաստանի գյուղական բոլոր համայնքների բնակիչների համար։

Ինչպե՞ս կարող է անհատը կամ կազմակերպությունը համագործակցել ՔՈԱՖ-ի և/կամ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հետ

Մենք ուրախությամբ համագործակցության ձեռք ենք մեկնում անհատներին ու կազմակերպություններին, որոնք ուզում են ՔՈԱՖ-ի ծրագրերի ու հետաքրքրությունների շրջանակում զարգացման նախաձեռնությամբ հանդես գալ։ Անհրաժեշտ է միայն լրացնել համագործակցության դիմում-ձևաթուղթը՝ կապ հաստատելու համար։ 

Ինպե՞ս սենյակ ամրագրել ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում

ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին նամակ գրելով՝ կարելի է արագ ու հեշտ կապ հաստատել հյուրանոցի անձնակազմի հետ՝ տեղեկատվության, սենյակների հասանելիության և ամրագրման  համար։ 

Ուղիղ կապ հաստատելու համար հյուրանոցի աշխատակազմի հետ կարելի է զանգահարել +374 60 700050 հեռախոսահամարով։ 

Կարո՞ղ է ՔՈԱՖ-ն ինձ և ընտանիքիս ֆինանսապես աջակցել

ՔՈԱՖ-ը ֆինանսական կամ նյութական որևէ աջակցություն չի ցուցաբերում ընտանիքներին ու անհատներին։ Մեր նպատակն է բարելավել գյուղացու կյանքի որակն ու հզորացնել գոյություն ունեցող հաստատությունները։ Համայնքահենք զարգացման ծրագրերի շնորհիվ մենք նոր գիտելիք ու հմտություններ ենք փոխանցում գյուղերի բնակիչներին՝ իրականություն դարձնելու իրենց հետաքրքրությունները ու նոր հնարավորություններ ստեղծելու։