ԲԺՇԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ատամների խնամքի ծառայություններ գյուղական համայնքներում

Ատամների խնամք. Ատամնափուտը՝ կարիեսը, երեխաների շրջանում ամենաշատ տարածում ունեցող ատամների հիվանդությունն է: Ատամների հիգիենայի մասին երեխաների և նրանց ընտանիքների գիտելիքների պակասը, անառողջ սնունդն ու ջրամատակարարման սահմանափակ հասանելիությունը Հայաստանում հանգեցնում են կարիեսի տարածվածության անցանկալի բարձր մակարդակի: Ջրի հետևողական ֆտորայնացում կամ այլ կանխարգելիչ զանգվածային միջոցառումներ Հայաստանում չեն իրականացվում: Բացի այդ, ատամների բուժումը թանկ և դժվար հասանելի երևույթ է հատկապես հեռավոր գյուղական վայրերում: ՔՈԱՖ-ի գնահատմամբ` կարիեսը 99 տոկոսանոց տարածվածություն ունի ՔՈԱՖ-ի գյուղերի երեխաների շրջանում: Այս թվի կրճատմանն ուղղված՝ ՔՈԱՖ-ը կանխարգելիչ միջոցառումներ է անում․ երեխաներին սովորեցնում ենք բերանի խոռոչի հիգիենա, ատամների ֆտորայնացում ենք իրականացնում, դպրոցներում մասնագիտացված կայաններ (ատամնակայաններ) ստեղծելու ճանապարհով ատամները պարբերաբար մաքրելու սովորություն ենք արմատավորում, 1-2-րդ դասարանցիներին ատամի խոզանակներով ու մածուկով ապահովում: Բացի այդ, գյուղերում ստեղծվում են ատամնաբուժարաններ, որտեղ երեխաների ատամների բուժումն անվճար է: 2010 թ.-ից սկսած՝ մենք 15 գյուղերի սպասարկող երեք ատամնաբուժարան ենք հիմնել, և հիմա 5325 երեխա ավելի առողջ ատամներ ունի: Մեր կանխարգելիչ միջոցառումները հանգեցրին կարիեսի տարածվածության 30 տոկոսով նվազման: Թեմփլի համալսարանի Հանրային առողջության քոլեջը պատմում է ծրագրի ազդեցության մասին:

 

Քաղցկեղի վաղ հայտնաբերում. Ամեն տարի աշխարհում մահացող մարդկանցից յուրաքանչյուր 6-րդի մահվան պատճառը քաղցկեղն է: Այն Հայաստանում մահացության երկրորդ մեծ պատճառն է (20,5%) սիրտ-անոթային հիվանդություններից հետո: Մեծ տարածվածության հիմնական պատճառը  պարբերական հետազոտություններից և ժամանակին բժշկին այցելելուց խուսափելն է: Կրծքագեղձի և արգանդի վզիկի զանգվածային բուժզննումը հասանելի է, սակայն որպես պետական քաղաքականության մաս՝ ոչ ամբողջապես է ներառված առողջության առաջնային պահպանման օղակներում:  

Քաղցկեղի այլ տեսակների այսօրինակ բուժզննումն այս մակարդակով հասանելի չեն: ՔՈԱՖ-ը քաղցկեղի պարբերական հետազոտությունների հնարավորություն է ստեղծում: Վաղ բացահայտված դեպքերն ունենում են բարեհաջող և ավելի քիչ ծախսով բուժման լավագույն հնարավորություն, կյանքեր են փրկվում։

Մենք մարդկանց սովորեցնում ենք ճանաչել ախտանշանները և պարբերաբար անցկացնել ինքնազննում: Հետազոտությունն անցկացվում է երեք փուլով. պալպացիայի և կոնսուլտացիաների ճանապարհով բուժզննումներ տեղի ուսյալ բուժաշխատողների՝ բժիշկների և բուժքույրերի կողմից, հանձնարարված դեպքերում ուլտրաձայնային հետազոտություններ գործընկեր սոնոգրաֆիստների կողմից, հանձնարարված դեպքերում՝ մամոգրաֆիա, բիոպսիա և հորմոնալ թեստավորում մեզ հետ պայմանագիր ունեցող ախտորոշման և առողջապահության կենտրոններում:  2008թ.-ից ի վեր  1771 կին ու տղամարդ անցել են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման զննումներ: Հայտնաբերվել է քաղցկեղի 48 դեպք, կանխվել դրանց բարդացումը: