ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրի նպատակն է պահպանել և բարելավել գյուղերում ապրող երեխաների և մեծահասակների առողջությունը և կանխարգելել հիվանդությունների առաջացումը: Գյուղացիներին հաճախ հասանելի չէ բարձրորակ մասնագիտացված բուժսպասարկումը, քանի որ այն կենտրոնացված է հիմնականում քաղաքային համայնքներում: Կիրառելով համապարփակության սկզբունքը՝ Հիմնադրամը բազմազան առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ շեշտադրելով նախ և առաջ առողջ ապրելակերպի խրախուսումն ու որակյալ առաջնային առողջապահական ծառայությունների հասանելիությունը:

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Վաղ տարիքից առողջ վարքագծի ձևավորումը զգալիորեն նվազեցնում է հանրային առողջության տեսանկյունից խնդրահարույց հիվանդացությունը և բարելավում կյանքի որակը: Այդ իսկ պատճառով Հիմնադրամը մշակել և իրագործում է «Առողջ դպրոց» ծրագիրը, որը ներառում է ոչ միայն առողջապահական կրթական դասընթացներ և սեմինարներ, այլև առողջ ապրելակերպի խմբակ, առողջության խրախուսման համադպրոցական միջոցառումներ, դրամաշնորհներ՝ դպրոցական միջավայրն ավելի առողջ դարձնելու համար և այլն:

Դպրոցում կազմակերպվող առողջապահական կրթության սեմինարների և առողջ ապրելակերպի խմբակների շրջանակներում քննարկվում են առողջ սնուցման, ընդհանուր և բերանի խոռոչի հիգիենայի, աչքի խնամքի և տեսողության հիգիենայի, դեռահասի առողջության, առաջին օգնության, սեռական հասունության և վերարտադրողական առողջության, վնասակար սովորություններին վերաբերող թեմաներ և ոչ միայն: Առողջ ապրելակերպի սեմինարները նախատեսված են դպրոցի բոլոր աշակերտների համար, իսկ առողջ ապրելակերպի խմբակներին մասնակցում են առավել հետաքրքրված աշակերտները։

Հայաստանի 17 դպրոցներ անդամակցում են «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցին, որոնցից 16-ը Հիմնադրամի շահառու համայնքներից են։ Դա օգնում է մեր շահառու դպրոցներին կիրառել եվրոպական երկրների լավագույն փորձը՝ դպրոցներում առողջությունը խրախուսելու նպատակով: «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ծրագրի գաղափարախոսությունը համահունչ է դպրոցներում և համայնքներում Հիմնադրամի առողջապահական միջամտություններին: Ծրագրի շրջանակներում ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները համատեղ իրականացնում են դպրոցներն ավելի առողջ միջավայրի վերածելուն ուղղված միջամտություններ: Այս ռազմավարությանն աջակցելու համար Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում դպրոցներին:

Գյուղական դպրոցներում գործող առողջ ապրելակերպի խմբակներն ակտիվորեն ներգրավված են առողջությունը խրախուսող միջոցառումների կազմակերպման գործում: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դպրոցները հաճախ նախաձեռնում են շատ հետաքրքիր և յուրօրինակ ծրագրեր, ինչպես առողջ սննդի խրախուսման համար տիկնիկային թատրոնի ներկայացումներ, սանհանգույցների վերանորոգում, արշավների կազմակերպում, դպրոցում խմելու մաքուր ջրի հասանելիություն, սպորտային խաղահրապարակի կառուցում,  որոշակի մրգի կամ բանջարեղենի խրախուսման օր և այլն:

Դպրոցահասակ երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերման, ժամանակին ուղղորդման և բուժման նպատակով Հիմնադրամը նաև մասնագիտական աջակցություն է տրամադրում դպրոցական բուժքույրերին՝ երեխաների տարեկան առողջապահական զննումներ իրականացնելու համար:

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում իրականացված «Դպրոցականների շրջանում առողջական վարքագիծը» հետազոտության արդյունքներով` հայ դպրոցականների մեծամասնությունն առավոտյան չի նախաճաշում, դպրոցում գնում է անառողջ սնունդ կամ էլ ընդհանրապես քաղցած է մնում մինչև դպրոցից տուն գնալը: Խնդիրն առավել արտահայտված է գյուղական վայրերում ու հանգեցնում է երեխաների թերսնուցմանը և առաջադիմության նվազեցմանը:

2013 թվականից սկսած՝ Հիմնադրամի «Առողջ սնունդ» ծրագիրը դպրոցներում ձևավորում է առողջ վարքագիծ, երեխաների համար հասանելի է դարձնում առողջ սնունդն ու առողջապահական կրթական միջոցառումները: Ծրագիրը մեկնարկում է դպրոցական ճաշարանների վերանորոգման ու կահավորման աշխատանքներով և շարունակվում տարրական դպրոցի աշակերտներին ուսումնական տարվա ընթացքում առողջարար տաք սնունդ մատուցմամբ՝ համագործակցելով նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

Ծրագրի շրջանակում բոլոր դպրոցական ճաշարաններին կից տեղադրվում են ձեռքերը լվանալու և ատամները մաքրելու համար նախատեսված հատուկ տարածքներ՝ ատամնակայաններ: Երեխաներից յուրաքանչյուրը Հիմնադրամից երեք ամիսը մեկ ստանում է ատամների խոզանակ և մածուկ, որպեսզի ատամների մաքրումը երեխաների համար դառնա առօրյա առողջ սովորություն:

Առողջ սնուցման ու հիգիենայի թեմաներով երեխաների ուսուցումը ծրագրի մեկ այլ կարևոր բաղկացուցիչ է: Այս նախաձեռնության միջոցով երեխաները տեղեկանում են, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ներկայիս սննդակարգը իրենց առողջության վրա: Արդյունքում՝ վաղ տարիքից երեխաների մոտ ձևավորվում է առողջ վարքագիծ:

ԿԱՐԻԵՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ

Ատամների խնամքի ծրագիրը նպատակաուղղված է պայքարելու ատամնափուտի (կարիես) տարածման դեմ՝ հատկապես տարրական դպրոցի երեխաների շրջանում: Կրթության, կանխարգելման ու բուժման տարրեր պարունակող այս բազմաբաղադրիչ ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակին՝ հնարավորինս ինտենսիվ պայքար մղելով ատամնափուտի տարածման դեմ։ Այն ներառում է

  • Բերանի խոռոչի հիգիենա
  • Անվճար ատամնաբուժական ծառայություններ

Բերանի խոռոչի հիգիենա: Այս միջամտության շրջանակներում մանկապարտեզի, դպրոցի երեխաների ու նրանց ծնողների համար կազմակերպվում են բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ դասընթացներ, տարրական դպրոցի երեխաների համար իրականացվում է ատամների մաքրում հատուկ դրա համար նախատեսված ատամնակայաններում: Հիմնադրամի նախաձեռնած ատամնակայանների կառուցումը դպրոցներում ատամների խնամքը խրախուսելու նորարարական լուծումներից է:

Այս պահին Հիմնադրամի շահառու համայնքներում կա 31 ատամնակայան։

Անվճար ատամնաբուժական ծառայություններ: Հիմնադրամի կողմից ստեղծված 3 ատամնաբուժարանների միջոցով սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպվում են անվճար ատամնաբուժական ակցիաներ: Նման ակցիաների շրջանակներում իրականացվում է ախտահարված ատամների բուժում:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՐԹՈՒՄ

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման նպատակով Հիմնադրամն իրականացնում է կանանց առողջապահական զննումներ կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով:  Առողջապահական զննումները ներառում են ինչպես կլինիկական հետազոտություններ, այնպես էլ ուլտրաձայնային ու բջջաբանական հետազոտություններ։ Նշված հիվանդությունները Հայաստանում լայն տարածում ունեն, իսկ առողջապահական զննումները հաճախ ո՛չ ֆինանսապես, ո՛չ աշխարհագրորեն հասանելի չեն գյուղերում ապրող սոցիալապես անապահով կանանց համար:

Ծրագրի մեկ այլ կարևորագույն բաղադրիչ է բնակչության առողջապահական կրթությունը, որն ուղղված է հղի կանանց, երիտասարդ մայրիկներին և քրոնիկական հիվանդություններ ունեցող մեծահասակ գյուղացիներին:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ռազմավարությունն է տեղի մասնագետների կարողությունների զարգացումը, և այժմ վերապատրաստված գյուղաբնակ բժիշկներն ու բուժքույրերն արդեն ինքնուրույն են իրականացնում առողջապահական սկրինինգներն ու համայնքի առողջապահական կրթության միջոցառումները:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Գյուղական համայնքներին հաճախ հասանելի չեն բուժհաստատությունները, ժամանակակից սարքավորումները, ախտորոշիչ գործիքները, կանխարգելման ու բուժման արդի մոտեցումները: Առաջնային օղակում բուժծառայությունները բարելավելու նպատակով Հիմնադրամը նորոգում և սարքավորումներով վերազինում է գյուղական բուժհաստատությունները, իրականացնում է բուժանձնակազմի աջակից վերահսկողություն և օժանդակում վերջիններիս շարունակական մասնագիտական զարգացմանը: ­

Այս գործընթացում Հիմնադրամին մեծապես աջակցում են սփյուռքահայ բժիշկները, ովքեր կամավորական սկզբունքներով դասընթացներ են իրականացնում և գյուղաբնակ բժիշկների հետ համատեղ հետազոտում ու քննարկում են դժվարին դեպքերը:

Հիմնադրամի կողմից ձևավորված բժիշկների ցանցի շրջանակներում բուժաշխատողները պարբերաբար հանդիպում են, վարում քննարկումներ, ծանոթանում միմյանց հաջողություններին և մարտահրավերներին: