ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՔՈԱՖ-ի բարձր առաջադիմություն ցուցաբերող և նշանակալի որակներ ունեցող շրջանավարտները Հայաստանի լավագույն համալսարանների ամենասպասված դիմորդներից են

Գյուղերի երեխաները հակված չեն բարձրագույն կրթություն ստանալու, քանի որ Հայաստանում բազում խնդիրների են հանդիպում։ Նրանք մասնագիտական կողմնորոշում չեն անցնում, չեն կարողանում ուսման վարձը վճարել ու չեն տեսնում ավարտելուց հետո աշխատելու հնարավորություններ։ Երևանի (55%) և մարզերի (6%) բուհական ուսանողության թվերն ահռելիորեն տարբեր են։ ՔՈԱՖ-ն սկսում է աշխատել աշակերտի կարիերայի զարգացման ուղղությամբ դեռ վաղ տարիքից՝ արտադպրոցական ծրագրերի միջոցով նրանց փոխանցելով շարունակական կրթության գաղափարը։ Արդեն միջին դպրոցից բոլոր ուսանողները ներգրավվում են Մասնագիտական կողմնորոշման ծրագրին, որ ուղղորդում է նրանց ապագա կրթության ու կարիերայի հարցում։ Որոշումներ կայացնելու որակները զարգանում են վերապատրաստումների, ինքնագնահատման թեստերի, քննարկումների, խորհրդատվությունների, իրազեկության բարձրացման միջոցառումների, համալսարաններ և տարբեր աշխատավայրեր այցերի շնորհիվ։ 

Դպրոցն ավարտելուց հետո ՔՈԱՖ-ն առաջարկում է կրթաթոշակներ, ի լրումն՝ առաջարկվում է կարիերայի զարգացման փաթեթ, որը ներառում է  պրակտիկա, մենթորություն և աշխատանքային հմտությունների զարգացման դասընթացներ: Խիստ չափորոշիչների ու մանրակրկիտ ընտրական գործընթացը թույլ են տալիս առանձնացնել լավագույն ուսանողներին, ովքեր էլ հնարավորություն են ստանում կառուցելու կարիերայի խոստումնալից ուղի։ Փոխհատուցվում է ընտրված ուսանողի ուսման վարձը, նա մենթոր է ունենում, ով ուղղորդում է իրեն կարիերայի ճանապարհին, մասնագիտական դաշտում պրակտիկա է անցնում և սեմինարների շնորհիվ մրցունակ աշխատանքային որակներ ձեռք բերում։ Կրթաթոշակ ստացող ամեն ուսանող իր գյուղում համայնքային զարգացմանը միտված որևէ օգտակար նախաձեռնությամբ է հանդես գալիս։  

Շնորհիվ մեր առատաձեռն դոնորների և գործընկերների, հատկապես «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի», Յուրեջյանների ընտանիքի բարեգործական հիմնադրամի, Հայ կրթական հիմնարկության և Քլեր Գրեգորյանի անվան արվեստի կրթաթոշակի, 91 ուսանող հնարավորություն է ունեցել հոգալու ուսման ծախսերը, լրացուցիչ գիտելիք և հմտություններ ձեռք բերել` տեղի աշխատաշուկայում իրենց տեղը գրավելու համար։