ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՔՈԱՖ դպրոցները ձգտում են ունենալ որակյալ մենեջմենթ և ուսուցիչներ, ինչպես նաև ինքնուրույն աշակերտական խորհուրդներ

ՔՈԱՖ-ը հետամուտ է Հայաստանի գյուղական վայրերում գոյություն ունեցող հաստատությունների ամրապնդմանը: Գյուղական դպրոցներին ուշադրության սևեռումն ունի վճռորոշ նշանակություն, որովհետև դրանք հանդիսանում են համայնքի զարգացման առաջատար մասնակիցը և այն գլխավոր հաստատությունը, որում ներգրավված են գյուղի բոլոր երեխաները: ՔՈԱՖ-ն ամրապնդում է դպրոցներում առկա ներուժը՝ սկսած աշակերտական խորհուրդներից մինչև ուսուցիչներ, դպրոցի կառավարում և վարչական աշխատակիցներ։    

Աշակերտական խորհուրդների (ԱԽ) ծրագրի ներդրումը նպատակ ունի բարձրացնել դպրոցներում ժողովրդավարական կրթվածության և աշակերտական ինքնակառավարման մակարդակը, ինչպես նաև նպաստել աշակերտների կողմից դպրոցների ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը: Արդյունքում աշակերտական խորհուրդները դառնում են դպրոցական կյանքին մասնակցության անկախ, օրինական, ինքնուրույն ներկայացուցչական օրգաններ ու հարթակներ:

Անկախ սովորողների անհատական առանձնահատկություններից՝ նրանց բոլորի կրթության շարունակականությունը, գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով ՔՈԱՖ-ը կազմակերպում է դպրոցների ուսուցիչների վերապատրաստում՝ ըստ ուսուցման կոնկրետ մեթոդների: Ցանկացած դասարանում կան ետ մնացող երեխաներ, որոնք սովորում են ավելի դանդաղ, ավելի քիչ ուշադիր են կամ տարբեր կարիքների պատճառով ուսման մեջ դժվարություններ ունեն: Սա հաշվի չառնելու դեպքում այսպիսի երեխաները հետ են մնում, նրանց ներուժը մնում է չբացահայտված և չի իրացվում: Սովորաբար սա հետևանք է լինում դասարանի ղեկավարման և ուսուցման անարդյունավետ մեթոդիկայի, որն ուղղված է խմբին, ոչ թե առանձին մարդուն: Մինչդեռ ցանկացած դասարանում երեխաների 20 տոկոսն ունի նման դժվարություններ:

Կոլեկտիվ ուսուցման մեթոդաբանության մասով վերապատրաստումն ուսուցիչներին օգնում է յուրաքանչյուր սովորողի ներգրավել ուսումնական գործընթացի մեջ և կիրառել անհատական մոտեցում՝ հնարավորություն տալով անհատական մակարդակում ընկալելու սովորածը ու նաև ուսուցանելու հասակակիցներին։ Ուսուցման պիլոտային այս ծրագիրը հաջողությամբ իրագործվեց 2019թ., ու մենք որոշեցինք ընդարձակել այն և 2020թ. ներգրավել ևս 7 գյուղ: Առավել ևս, որ բոլոր դպրոցների ուսուցիչների 20 տոկոսը կիրառում է այս մեթոդոլոգիան: