ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Լոռու մարզի տնտեսական զարգացման խթանում և այն գրավիչ զբոսաշրջային վայրի վերածում

Հիմնադրումից և 2018 թ մայիսին գործարկումից ի վեր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այն ձգողական ուժն է, որ դեպի փոքրիկ Դեբետ գյուղ, Լոռու մարզ կամ էլ հենց Հայաստան է բերում այցելուների ամբողջ աշխարհից։ Վերջին երկու տարվա ընթացքում այն Հայաստանի ամենապահանջված տեսարժան վայրերից է դարձել՝ որպես նորարարության ու գյուղի առաջընթացի խթանման բացառիկ օրինակ։ 

Համաժողովների կենտրոնը նույնպես դառնալու է սոցիալական ձեռներեցության մաս՝ ապահովելով եկամուտ և վերաներդնելով այն Լոռու մարզում ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերում։ Կենտրոնը խթանելու է առավել մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների հոսքը դեպի Լոռի։ Այն նպատակ ունի դառնալու տեղական ու միջազգային կազմակերպությունների համար համաժողովների, մասնագիտական վերապատրաստումների ու փոխանակման ծրագրերի մարզային հիմնական կենտրոն, ինչը մեծապես կաշխուժացնի համայնքների կյանքը։ Համաժողովների կենտրոնը գիտաժողովների կազմակերպման ու անցկացման նոր նշաձող է սահմանելու՝ ներդնելով ոլորտում առկա լավագույն փորձը, դառնալու է բիզնեսի ուսումնասիրության միջավայր և ծառայելու է որպես մասնագիտական զարգացման հարթակ՝ ընդլայնելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հնարավորությունները։ 

Համաժողովների կենտրոնը բաղկացած է լինելու 100-տեղանոց երկու սրահներից, որոնք կարող են օգտագործվել ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին։ Հատուկ շարժական պատերը թույլ կտան ապահովել այդ ճկունությունը, և դեռ ավելին․ արդեն առկա սենյակներն էլ կարելի է վերածել 40-տեղանոցների։ 

Կենտրոնը 22 հյուրանոցային համար կունենա, որոնք համատեղ կառավարվելու են ավանում արդեն իսկ գործող «Կոնցեպտ» հյուրանոցի 12 սենյակների հետ։ Սենյակների մի մասը ևս միացվելու կամ առանձնացվելու հնարավորություն կունենա։ Երկտեղանոց կամ երկու մեկտեղանոց մահճակալներից բացի, սենյակներում հնարավոր կլինի տեղադրել երկհարկանի մահճակալներ անգամ, ինչը կմեծացնի սենյակներում հյուրընկալությունների հնարավորությունը, ասենք, ամառային դպրոցների կամ մեծաքանակ մասնակիցներ ենթադրող միջոցառումների ընթացքում։ Կենտրոնը հագեցած կլինի տեխնոլոգիական բազում լուծումներով՝ ապագովագրելու ցանկացած անսպասելի իրավիճակից։ 

Սրանից զատ, կենտրոնը կառաջարկի նաև լրացուցիչ ծառայություններ՝ տուրիզմ, տպագրություն ու հրատարակություն, տրանսպորտ և այլ ծառայություններ։ 

Համաժողովների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ․ օգոստոսի 8-ին։ Շինարարական հիմնական աշխատանքները կիրականացվեն 2020 թ․, իսկ կենտրոնի դռները կբացվեն 2021-ի գարնանը։ Ընդհանուր բյուջեն 2,5 միլիոն դոլար է։