ԳԼՈՒԽ

ՌՈՒՍԵՐԵՆ

Ծրագրի նպատակ՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ռուսերեն ծրագիր ընտրող ուսանողները, որպես կանոն, ունենում են լեզվի շատ տարբեր նախնական իմացություն․ կախված դպրոցներում ռուսերենի մակարդակից` կենտրոն հաճախում են թե՛ լրիվ սկսնակներ, թե՛ մինչև միջին մակարդակի կամ լավ լեզվին տիրապետող ուսանողներ։ Ելնելով այդ հանգամանքից՝ ծրագրի նպատակն է, անկախ նախնական իմացությունից, մեկով բարձրացնել լեզվի մակարդակը ամեն խմբի համար կազմված հատուկ ծրագրով՝ հատկապես ուշադրություն դարձնելով խոսակցական հմտությունների վրա։ Կենտրոնում դասավանդվում են նաև անգլերեն՝ որպես lingua franca և չինարեն (Մանդարին)՝ որպես ապագայի լեզու, մինչդեռ ռուսերենի ընտրությունը պայմանավորված է տարածաշրջանի համար իր ռազմավարական նշանակությամբ։

Մեթոդաբանություն՝ հաղորդակցական և խաղային ուսուցման մեթոդաբանություններն ընկած են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի լեզվի ուսուցման հիմքում։ Տարբեր տարիքային խմբերի համար բազմազան ուսումնական տարբեր նյութեր են գործածվում ռուսերենի ուսուցման փորձառությունը հարստացնելու և համալրելու համար։ Մասնավորապես՝ 6-11 տարեկանների համար գործածվում են “Сорока”, իսկ 12-18 տարեկանների համար՝ “Поехали” դասագրքերը։ Կենտրոնում հատուկ շեշտադրում է դրվում ուսանողների հետ անհատական աշխատանքի վրա, ինչը լեզու յուրացնելու գործում խիստ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր ուսանող ունի սովորելու ուրույն արագություն և ոճ։ Սրանով է պայմանավորված նաև համագործակցային ուսուցման խթանումը՝ կիրառելով խմբային ու զույգերով աշխատանքներ, ինչպես նաև ուսուցման բնական միջավայրի ստեղծումը, որը նպաստում է ուսանողների կողմից ավելի պարզ միջոզներով ազատ արտահայտմանն ու բովանդակության դյուրին ընկալմանը։

Բաղադրիչներ՝ քանի որ ծրագիրը նպատակ ունի զարգացնել խոսակցական հմտություններն ու հարստացնել բառապաշարը, խոսակցական ու լսողական վարժանքները դասերի հիմնական մասն են կազմում։ Բաղադրիչները ներառում են երկխոսություններ կազմելը, առօրյա պարզ խոսակցություններ լսելն ու սեփական բառապաշարով ու կարճ նախադասություններով վերակազմելը, ռուսերենով կարդացած նյութի կամ դիտած տեսանյութի մանրամասն վերլուծությունները, հարց ու պատասխանները, ինչպես նաև կարճ թեմատիկ շարադրություններ գրելը։

Ծրագրի վերջնարդյունք՝ կախված տվյալ մասնակցի նախնական մակարդակից՝ մասնակիցները կկարողանան կարդալ և հասկանալ պարզից միջին բարդության տեքստեր, նոթագրություններ անել, գրել նամակներ, մասնակցել առօրյա զրույցների ու արտահայտվել իրենց համար ամենակարևոր թեմաների՝ ընտանիքի, կրթության, աշխատանքի ու միջավայրի մասին։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ուսանող կկարողանա իր նախնական գիտելիքի համեմատ մեկ մակարդակով խորացնել իր լեզվական իմացությունը։