ՄԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կարո Արմեն
ՔՈԱՖ-ի հիմնադիր

Ամեն ինչ սկսվեց մի բաժակ ջրից, երբ 2003թ․ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր և խորհրդի ատենապետ Կարո Արմենն առաջին անգամ այցելեց իր նախնիների հայրենիքը։ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում Կարո Արմենը  տներից մեկի շեմին նստած ծերունուց ջուր խնդրեց ու ապշեց, երբ իմացավ, որ տեղացիները խմելու ջուր չունեն, ստիպված են հարևան մարզից գնել։ Հենց այս հանդիպումն էր, որ դրեց ապագա ՔՈԱՖ-ի հիմքը։

Կարոն հասկացավ, որ հարկավոր է հնարավորինս արագ «վերակենդանացնել» Հայաստանի գյուղական շրջանները, որոնք Խորհրդային Միության փլուզման հետևանքով լիովին անտեսված ու թշվառ վիճակում էին։ Բնակչության հուսահատությունն ու գյուղական համայնքների կիսավեր ենթակառուցվածքները վառ ապացույց էին, որ անհրաժեշտ է մարդկանց արժանավայել կյանք ու զարգացման հնարավորություններ տրամադրել։

Հենց Քարակերտն էլ դարձավ առաջին գյուղական համայնքը, որտեղ ՔՈԱՖ-ը սկսեց գործունեություն ծավալել։ Առաջին մեծ նախագիծը դպրոցներից մեկի վերանորոգումն էր։ ՔՈԱՖ-ի աշխատակիցները շուտով հասկացան, որ գյուղերի կարիքներն ամենևին չեն սահմանափակվում ենթակառուցվածքային բարելավումներով։ Ստեղծվեցին կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման ծրագրերը, որդեգրվեց համապարփակ, համայնքակենտրոն աշխատանքի մոդելը։

ՔՈԱՖ-ի նպատակը երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին հնարավորություններ տրամադրելն է՝ օգնելով, որ նրանք մինչև վերջ դրսևորեն իրենց ներուժն ու «հասնեն աստղերին»։ Գյուղական բնակչության զորակցումը նշանակալից արդյունքների բերեց․ բազմաթիվ անհատներ, տարիներ շարունակ ստիպված լինելով անհամար խոչընդոտներ հաղթահարել, կարողացան ապագա կառուցել ու մասնակցել նոր Հայաստանի ստեղծմանը։

ՔՈԱՖ-ն իր գործունեությունն սկսեց 2003թ․, մեկ գյուղում, իսկ այսօր արդեն հիմնադրամի նորարարական ծրագրերն ու ենթակառուցվաքային նախագծերը Հայաստանի 6 մարզի 64 գյուղի 107000 բնակչի կյանք են փոխել։ Կատարված ներդրումների ընդհանուր գումարը $50 միլիոն ԱՄՆ դոլար է։

ՄԵՐ

ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հայաստանի բոլոր մանուկները, բացահայտելով ու կիրառելով իրենց ողջ ներուժը, ներդրում են ունենում իրենց շրջապատող աշխարհի զարգացման մեջ։

ՄԵՐ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Նորարարության միջոցով զարգացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու չափահասներին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելով։